Երիտասարդ լուսանկարիչների մի խումբ լուսանկարիչ Գերման Ավագյանի մասնակցությամբ, 48 ժամում լուսանկարել է կյանքը Շուշիում: Ինչպես է արթնանում Շուշին, ինչպես` պառկում քնելու: Շուշիի առօրյան ամփոփվել է «Շուշի 48 ժամ» եռալեզու գրքում: Լուսանկարներում` ամենատարեց շուշեցուց մինչեւ երկու ժամ առաջ ծնված փոքրիկի առօրյան է:
Գերման Ավագյանի խոսքով, ոչ մի սուպեր գեղարվեստական մոտեցում, լուսանկարներում միայն քրոնիկա է:
«Մեզ պետք էր Շուշին ցույց տայինք, ոչ թե իմ կամ երեխաների վարպետությունը: Այս երեխաները մատը դրել են պուլսի վրա եւ այդ ռիթմը ցույց են տվել»,-ասաց Գերման Ավագյանը:
Ապրիլյան պատերազմի մասնակից Արթուր Մելիքյանը, որն այդ ժամանակ պարտադիր ժամկետային ծառայության է եղել Շուշին 48 ժամում լուսանկարած լուսանկարիչներից մեկն է: Ասում է` լուսանկարել են Շուշիի առօրյան` ընդամենը 48 ժամում, ինչը շատ քիչ ժամանակ է եղել Շուշիի կյանքը արտացոլելու համար:
Նախագծի համահեղինակներից է Սպարտակ Ղարաբաղցյանը: Նրա խոսքով, սկզբում մտահղացումը եղել է Շուշին պատկերել 24 ժամում, սակայն հասկացել են, որ շատ քիչ է 24 ժամը:
«Շուշին ոչ միայն Արցախն է, այլ նաեւ հայ մշակույթի հոգեւոր մայրաքաղաքը: Սովորական քաղաք չէ: Շուշիում ավելի շատ թանգարաններ կան, քան` այսօրվա մասշտաբներով Երեւանում: Շուշին ունի մեկ լավ կինոթատրոն ամբողջ Երեւանում երկու կինոթատրոն կա: Շուշիիում արվեստի դպրոց կա»,-ասաց պարոն Ղարաբաղցյանը:
Գիրքն ուղարկել են բոլոր դեսպանատներին, նախարարություններին: Շնորհանդեսը տեղի է ունեցել Շուշիում: Սպարտակ Ղարաբաղցյանի խոսքով, «Շուշի 48 ժամ» գրքի լույս ընծայումը նրա համար նույնն է ինչ` ծննդատնից երեխային դուրս գրելու ապրումները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ