ԲՀԿ կուսակցության անդամ Հակոբ Նազարյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մեքենաների տեխզննման բացակայության մասին հարցրեց: Նա հիշեցրեց, որ ժամանակին կառավարությունը որոշ քայլեր էր արել, որ տեխզննումն իրապես լինի, բայց ներկայումս ունենք իրավիճակ, երբ տեխնիկական զննման կտրոն են տալիս՝ առանց տեխզննում իրականացնելու. «Քաղաքացին պարզապես բանկից գնում է տեխզննման կտրոնը եւ դրանով ամեն ինչ ավարտվում է»:
Նա հետաքրքրվեց՝ կառավարությունն ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը համաձայնեց, որ տեխզննումը հիմա «ֆիկտիվ» է, ոչ մի տեխզննում էլ չի անցնում մեքենան:
Բայց նա ասաց, որ իրենք հիմա քայլեր են մշակել, կառավարություն են ներկայացրել, արդեն շրջանառության մեջ է դրվել, շուտով կառավարությունը կանդրադառնա: Հստակ սահմանվել է, թե ինչ զննություն պետք է արվի մեքենաների վրա, ինչ հսկողություն պետք է արվի. «Մինչեւ մեքենան չկանգնի ստենդի վրա, էլեկտրոնային համակարգը թույլ չի տա ներբեռնել մեքենային վերաբերող որեւէ տվյալ»: Ուստի ստիպված պետք է մեքենաները տեխզննման ենթարկվեն եւ այն այլեւս ձեւական բնույթ չի կրի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ