Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Աշխատանք են առաջարկում, մարդն ասում է՝ գումարը տվեք․ կոշիկը տունը կարեմ, բերեմ»․ Սամվել Բալասանյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2017 17:49

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի համոզմամբ, Գյումրիում շատ են աշխատատեղերը, միայն թե բնակիչներն իրազեկված չեն։ Երեկ Գյումրու աշխատանքի տոնավաճառի բացման ժամանակ նման հայտարարություն արեց պաշտոնական տվյալներով գործազրկության ամենաբարձր ցուցանիշ արձանագրած քաղաքի քաղաքապետը։

«Կազմակերպություն կա, որտեղ 30 աշխատատեղ կա այս պահին, «Սաստեքս» ընկերությունը, որը 400 աշխատատեղ է ստեղծելու, դիմեք, որպեսզի հետագայում նույնպես կարողանաք տեղավորվել, որովհետև այնտեղ ուսումնական կենտրոն է բացվելու։ Եվ այդպես շարունակական․․․Այսօր, չգիտեմ, նույնիսկ «Ախուրյան կոպշինի» հետ կապված, որ հարցնում եմ, այնտեղ տարբեր շինարարների աշխատանք է պահանջվում, որպեսզի այն առաջարկությունը, որ կատարվում է՝ համալրվի։ Մենք ասում ենք, որ Գյումրիում չկա աշխատատեղ, Գյումրիում շատ-շատ կան աշխատատեղեր և ավելանալու են դրանք։ Ասեմ, երբ սկսեցինք 23,8 միլիոնի ծրագիրը, այդ ծրագրի ընթացքում նույնպես շատ մեծ շինարարական կազմակերպություններ են մասնակցելու, նույնիսկ միջազգային մակարդակով շահելու են մրցույթը, ինչքան աշխատատեղեր են բացվելու Գյումրի քաղաքում (քաղաքապետը խոսում է դեռ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ Գյումրու փողացաշինության և լուսավորության համար խոստացված 23,8 միլիոնի եվրո վարկի մասին Ա․Ն․): Միայն Ռուսթավելի փողոցը կառուցելու ժամանակ (խոսքը վարչապետ Կարեն Կարապետյանի` «Կումայրի» արգելոցը տուրիստական կենտրոնի վերածելու ծրագրի շրջանակներում սալապատվող փողոցի մասին է Ա․Ն․), նույնիսկ աշխատողներ չէինք կարող գտնել, դրսից էինք հրավիրում աշխատողներ։ Ես ուղղակի կոչ եմ անում, որ իրազեկեք բոլորին, բոլորը մասնակցություն ունենան և իրենց համար ստեղծեն այնպիսի համապատասխան աշխատավայրեր, որոնք անհրաժեշտ են իրենց համապատասխան մասնագիտության հետ կապված։ Իսկ մենք այդպիսի աշխատավայրեր շատ-շատ ունենք արդեն, նոր անցնում եմ «Տավրոս» կոշիկի տաղավարի կողքից, մարդն ասում է՝ գումար տվեք, տանեմ, կոշիկը տունը կարեմ, բերեմ, չի կարող այդպես լինել, նա պետք է գա, իր մասնակցությունն ունենա, իր արտադրությունը նույնպես ցույց տա», -ասաց Սամվել Բալասանյանը։

Գյումրիում իրոք կան որոշ աշխատատեղեր, սակայն հատկապես կարի, տեքստիլ արտադրության, ինչպես նաև շինարարության ոլորտում գործատուները խիստ ցածր են վճարում։ Օրինակ՝ վերջերս Ամասիայի կարի գործարանի աշխատակիցներից մեզ դժգոհել են, որ իրենց ամսական աշխատավարձը կազմում է մոտ 20 հազար դրամ։

Գյումրիում ևս այս առումով իդեալական վիճակ չէ, առիթ ունեցել ենք Գյումրի այցելած նախարարների հետ շրջագայելու որոշ կարի արտադրամասերում ու տեղում աշխատակիցներից ճշտելու, որ 40-50 հազար դրամը առավելագույն գումար է կազմում։

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031