Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանը ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին հարցրեց բանակի մի շարք խնդիրներից եւ հետաքրքրվեց՝ քանի այդ խնդիրները չեն լուծվել, ինչպե՞ս է պատկերացնում ազգ-բանակ հայեցակարգի իրականացումը: Նա ասաց, որ մարտական գործողությունների մասնակցած երիտասարդների գրքույկներում գրառումներ չեն կատարվում, որպեսզի արտոնությունից չօգտվեն, առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաները գնում են զինվորի ընտանիքի անդամները: Չկա այդպիսի ընտանիք, որն ունի զինվոր եւ այդ պարագաները չեն մատակարարվում ընտանիքի կողմից: Ծառայության ժամանակ ձեռք բերված հիվանդությունները ամբողջական բուժում չեն ստանում: Նմանատիպ խնդիրները ե՞րբ եք պատրաստվում լուծել, որ այն ծրագրերը, որոնք ներկայացնում եք, հանրության կողմից ընդունված լինեն:
Նախարարը պատասխանեց, որ զինգրքույկների խնդիրն ի հայտ գալու հետ՝ իրենք ամեն զանգի հետեւից գնացել են, անճշտություններ գրառումների մեջ իրականում եղել են մեկ տասնյակից ոչ ավելի. «Որպեսզի դա չառաջացնի բացասական ընկալում, բոլոր այն տղաներին, որոնք նույնիսկ մարտական գործողությունների չեն մասնակցել, եղել են զորամասում, միայն այդ հիմքով արդեն արտոնություններ են տրվել Հայաստան համահայկական երիտասարդական հիմնադրամի միջոցով: Այդտեղ ակնհայտ քայլ արել ենք: Հիգիենիկ պարագաների հետ կապված յուրաքանչյուր զինծառայող ամսական ստանում է գումար՝ իր համար անհրաժեշտ հիգիենիկ պարագաներ գնելու համար: Դա գնում է զորամասի կողքին գտնվող խանութներից: Շատ հնարավոր է, որ տնից էլ են ուղարկում, մենք ամեն ինչ անում ենք, որ դրա կարիքը չլինի: Եթե չի հերիքում, շատ վատ է, պատրաստ ենք յուրաքանչյուր դեպք ուսումնասիրել»:
Անձի առողջական վիճակի հետ կապված նախարարն ասաց, որ կոնկրետ դեպք է եւ չպետք է հրապարակայնացվել. «Ձեր կողմից նշված զինծառայողը, ստանալով ախտորոշում՝ որոշել է ձեռք բերել այլ դեղամիջոցներ արտերկրից: Նա դիմել է ՊՆ, ՊՆ-ն, ընդառաջելով՝ գտել է այլ միջոցներ, ոչ բյուջեից եւ շուրջ 5 մլն դրամի օգնություն է ցույց տվել՝ իր դեղերը գնելու համար: Մենք այդքանով ենք կարողացել աջակցել: Շատ կուզենայինք, որ յուրաքանչյուր զինծառայողի կարողանայինք այդքանով գոնե աջակցել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ