Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետը իր հարազատ գյուղին 3,9 մլն դրամ է տվել անապահովների ֆոնդից. ՀՅԴ պատգամավորի բողոքը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2017 17:22

Հոկտեմբերի 7-ին նշվում է Գրադարանավարի օրը: Մարզերում գրադարանների վիճակը շարունակում է մնալ անմխիթար, գրադարանավարների հաստիքացուցակները կրճատվում են, գրքերի պահպանման խնդիր կա: Ի՞նչ է արվում՝ վիճակը կանխելու համար: Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանն այս հարցն ուղղեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին: Նախարարն ասաց, որ ինքը պարբերաբար այցելում է մարզային գրադարաններ, բոլորը գտնվում են շատ լավ վիճակում. «Այնտեղ որեւէ խնդիր այսօր չկա, սպասարկում են շատ մեծ թվով քաղաքացիներ»: Նա ասաց, որ հավանաբար խոսքը համայնքային գրադարանների մասին է, ոչ թե մարզային:

Պատգամավորն ասաց, որ Վանաձորի գրադարանում հաստիքացուցակներ էին կրճատվել, նախարարը պատասխանեց, որ խնդրին տեղյակ է, այնտեղ գրանցված մարդիկ են եղել, որոնք չեն աշխատել, այսինքն, հաստիքացուցակները ուռճացված են եղել:

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը գյուղական բնակավայրերում խմելու ջրի խնդրից հարցրեց, մինչեւ 2020-ը քանի՞ անջրդի գյուղական բնակավայր կունենա խմելու ջուր: Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը պատասխանեց,որ իսկապես, պրոբլեմ կա փոքր լեռնային գյուղերում. «Այդպիսի դժվարություն, որ ծորակից ջուր չի հոսում կունենանք հանրապետությունում մեկ տասնյակից ավելի գյուղական բնակավայրերում: Այդ գյուղերը խուսափում են ջրամատակարարման ընդհանուր մաս կազմել, պատճառաբանությունը հիմնականում ջրաչափերն են, ասում են՝ մեր պապերն են կառուցել էս ջրագիծը, օգտվելու ենք ու չենք վճարելու: Չեն ուզում մտնել այդ բեռի տակ»:

Լոքյանն ասաց, որ այս ոլորտում լուրջ ներդրումներ են պետք, բայց մինչեւ 2020-ը մեկ քառորդի խնդիրները կլուծեն ամբողջական:

Տավուշի մարզից ռեյտինգայինով ընտրված ՀՅԴ-ական պատգամավոր Սուրեն Մանուկյանն էլ այլ հարց բարձրացրեց 2016-ին ՀՀ պետբյուջեով սոցիալական անապահով խավին տրամադրվող գումարների մասին, նա քննադատեց Տավուշի մարզպետի որոշումը: Պատգամավորը բնակիչների մտահոգությունը ներկայացրեց. «Մեր ուսումնասիրությունից պարզվեց, որ Կողբ համայնքին հատկացվել է 3 մլն 930 հազար դրամ՝ սոցիալական անապահովների ֆոնդից: Սա մարզպետի հարազատ գյուղն է, իսկ Արծվաբերդ համայնքին հատկացվել է ընդամենը 20 հազար դրամ գումար: Այն դեպքում, երբ բնակչության թվով նույնն են»: Պատգամավորն ասաց, որ Այգեպարին տվել են 150 հազար դրամ, Չինարիին՝ 200 հազար դրամ, Մովսես գյուղին՝ 250 հազար դրամ, Այգեձորին՝ 60 հազար դրամ: Նա հարցրեց կառավարությանը՝ ի՞նչ վերահսկողական լծակներ են գործում, երբ ակնհայտ է մարզպետի կողմից խտրական վերաբերմունքը տարբեր համայնքների նկատմամբ:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկեց, որ պատգամավորը գրավոր դիմի, գրավոր պատասխան ստանա:

Պատգամավորն արձագանքեց, որ իրեն զարմացնում է այն, շատ մարդիկ գրանցված են Կողբում, սոցիալապես անապահովների ֆոնդից են օգտվում, բայց իրենք փաստացի բնակվում են Երեւանում: Նա խնդրեց նաեւ այս հարցին անդրադառնալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031