Լրահոս
Օրվա լրահոսը

«Որտե՞ղ է երաշխիքը, որ մեր տանկը Ղարաբաղից գնալու է Բելառուս ու կարողանալու է հետ գա». Փաշինյանի մտահոգությունը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2017 16:51

Այսօր ԱԺ-ում ՀՀ զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի, զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վավերացման հարցը բավականին բուռն ընթացավ:

«Այս համաձայնագիրը ի նպաստ ՀՀ շահերի, երբեք չի գործելու»,- այսպիսի տեսակետ հայտնեց «Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանը: Ըստ նրա, դա ավելի սահմանափակելու է մեր հնարավորությունները, համաձայնագիրը չի օգտագործվելու այն դեպքում, երբ դա խիստ անհրաժեշտ կլինի Հայաստանի Հանրապետությանը:

ՀՀԿ պատգամավոր Միհրան Հակոբյանի գնահատմամբ՝ ընդդիմությունը ծայրահեղ մոտեցում ունի ՀՀ սուվերենության մասին. «Եթե ռուսական բանակը ՀՀ-ում է, նշանակում է մենք սուվերեն պետություն չե՞նք, ամերիկյան բանակն էլ Գերմանիայում էր, նշանակում է Գերմանիան սուվերեն պետություն չի՞»:

Նա հարցրեց՝ եթե ՀՀ-ին ՌԴ-ի աջակցութունը չլինի, ի՞նչն է խանգարելու Թուրքիային, որ ներխուժի Հայաստան, բացահայտ Ադրբեջանին աջակցող երկիր է. «Լավ է մեր ընդդիմադիր գործիչները չեն փորձում համոզվել, որ թուրքերը փոխվել են: Վերջին օրինակն ասեմ՝ Կարո Փայլանին՝ իրենց պառլամենտի պատգամավորին ծեծեցին, ծեծեցին նույն պատգամավորները՝ լավագույն բուհերն ավարտած, դուք դեռ 80 մլն-անոց խուժանին չեք տեսել»:

ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը ԱԺ-ի քննարկմանը ներկայացրեց նաեւ մեկ այլ համաձայնագիր, որին ՀՀ-ն է ցանկություն հայտնել միանալ: Այն կնքված է եղել ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ: Միանալով համաձայնագրին՝ ենթադրվում է, որ որեւէ ռազմատեխնիկա, եթե փչանա, օրինակ, մենք կարող ենք համաձայնագրի շրջանակներում այն վերանորոգել Բելառուսում, կամ ՌԴ-ում եւ հակառակը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին անհասկանալի էր՝ մենք ի՞նչն ենք ուզում տանենք նորոգենք, երբ նաեւ ճանապարհների խնդիր ունենք. «Երբ որ բան անցկացնելու ենք լինում երրորդ երկրների տարածքով, ցավոք, այդ երկրները փշոտում են: Ի՞նչ ենք ուզում սրանով անել, կամ մենք ընդհանրապես ի՞նչ հնարավորություններ ունենք մեզ մոտ ռազմական տեխնիկան նորոգելու, մենք մեր 80-ականների ավտոմատները կարողանո՞ւմ ենք նորոգենք ու դարձնենք 90-ականների»:

Հարակից զեկուցող Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց, որ պարտադիր չէ, որ տանկերը բերեն այստեղ, վերանորոգեն: Ռուսական բազային կից ուզում են ստեղծել միավոր, որ այդ հարցերով զբաղվի:

Փաշինյանը հարցրեց՝ մենք գինին տանում ենք ՌԴ, թանկ է նստում, մենք էդ ի՞նչ ծառայություն պետք է առաջարկենք, որ զինտեխնիկան գա Հայաստան, հետ գնա ու դա ձեռնտու լինի. «Եվ հետո ուզում եմ հականամ, եթե Լապշինը գնում է Ղարաբաղ, հետո գնում է Բելառուս, հետո չի կարողանում հետ գնա, որտե՞ղ է երաշխիքը, որ մեր տանկը Ղարաբաղից գնալու է Բելառուս ու կարողանալու է հետ գա: Տանկը Լապշինից վտանգավոր է ոնց որ»:

Արտակ Զաքարյանը կեսկատակ պատասխանեց. «Եթե պետք է ուղարկենք, հետ չգա, ուրեմն պրոբլեմը մեր մեջ է, ոչ թե հետ ուղարկողի»:

Փաշինյանը արձագանքեց. «Այո, պրոբլեմը մեր մեջ է եւ ես լավատես չեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031