Հոկտեմբերի 3-ին մեկնարկած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքների շրջանակներում անցկացված Միջերկրական ծովի ֆորումի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև:
Այն ժամանակ, երբ ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ելույթ է ունեցել և ներկայացրել փախստականների խնդիրն ու այն, որ տեղահանված անձանց ալիքը Հայաստանում ավելացավ արդեն գոյություն ունեցող փախստականների մեծ թվին, որոնք ունեցել ենք Արցախյան պատերազմից հետո, երբ ԼՂ ժողովրդի ինքնորոշման արդար պահանջի նկատմամբ ադրբեջանական կառավարությունն ամենաբարբարոս ձևով պատերազմ բացեց, և հսկայական զոհեր եղան, արձագանքել է ադրբեջանական պատվիրակության անդամներից մեկը:
Aravot.am-ի հետ զրույցում տիկին Նաղդալյանը մանրամասնեց. «Ներկայացրի Հայաստանը՝ որպես Սիրիայից տեղահանված անձանց, փախստականների ընդունման գծով երրորդ երկիրը՝ մեկ շնչին ընկնող փաստականների գծով, քանի որ 20 հազարից ավելի փախստական է ընդունել Հայաստանը՝ ստեղծելով բոլոր պայմանները: Մենք ներկայացրինք, որ տեղահանված անձանց այս ալիքը Հայաստանում ավելացավ արդեն գոյություն ունեցող փախստականների մեծ թվին, որոնք ունեցել ենք Արցախյան պատերազմից հետո, երբ ԼՂ ժողովրդի ինքնորոշման արդար պահանջի նկատմամբ ադրբեջանական կառավարությունն ամենաբարբարոս ձևով պատերազմ բացեց, և հսկայական զոհեր եղան: Ադրբեջանցիները փորձեցին ինչ- որ արձագանք կազմակերպել շատ անշուք, համեստ, այն պնդումով, թե մենք էլ ունենք մեկ միլիոն փախստականներ: Մտքներին ինչ եկավ, հանպատրաստից հայտարարեցին»:
Տիկին Նաղդալյանը հավաստիացրեց, որ այդ հայտարարությունը լայն լսարանի կողմից արձագանքի չարժանացավ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտում»