Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահ. «Ստվերի գնահատականն ամսական 2.8 միլիարդ դրամ է» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2017 16:12

Մեր երկրի տնտեսությունում ստվերը գնահատվում է ամսական 2.8 միլիարդ դրամ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պետական եկամուտների նախագահ Վարդան Հարությունյանը: Նրա վստահեցմամբ՝ նախկինում այս ցուցանիշն ավելի բարձր էր:

ՊԵԿ նախագահի խոսքերով՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե 2.2 միլիարդ դրամ լրացուցիչ գումար է մուտք եղել: Սա, ըստ Հարությունյանի, ոչ միայն ստվերի դեմ պայքարի արդյունք է, նաեւ մաքսային եւ հարկային վարչարարության: Թե որ ընկերություններին է ստվերից հանել ՊԵԿ-ը, Հարությունյանը հրաժարվեց անուններ տալ. «Եթե անուններ եք ուզում լսել խոշոր ձեռնարկությունների, ինչպես նախկինում, հիմա էլ չեք լսելու: Ես իմ գործն եմ անում: Մենք ամեն օր պայքարում ենք դրա դեմ»:

Մանրամասն՝ տեսանյութում

«Այսօր գրանցում ենք հաջողություն, կարող եմ ասել, որ օգոստոսին ավելացված արժեքի հարկ է վճարվել 1 միլիարդ 857 միլիոն դրամ»,-ասաց ՊԵԿ նախագահը: Թե նախկինում այդ ցուցանիշը որքան է եղել, պարոն Հարությունյանը դժվարացավ ասել. «Նախկինի հետ համեմատություն չենք կարող անել, քանի որ չգիտենք նախկին ինչի հետ համեմատենք»:

Հարությունյանը վստահեցրեց՝ այս տարվա արդյունքներն ավելի գոհացուցիչ կլինեն, որովհետեւ տնտեսավարողները հասկանում են, որ ունենալով համապատասխան փաստաթղթավորում, կարողանում են իրենց շրջանառության հարկի 5%-ի փոխարեն, որը փաստաթուղթ չլինելու դեպքում պիտի վճարեին, հիմա վճարում են ընդամենը 1.5% եւ զերծ են մնում հարկային ավելորդ վարչարարությունից. «Քանի որ այս պարագայում սահմանի վրա ֆիքսվում է ապրանքի տեսականին ու գինը, մենք հիմք են ընդունում այն գինը, որը հայտարարում է տնտեսվարողը: Եթե շուկայում էական շեղում չկա նույն ապրանքի գնի, համապատասխան փաստաթուղթ ունենալու դեպքում համապատասխան նվազեցումներ ենք անում»:

Փաստաթղթերի ներկայացման պարագայում 1.5% հարկ վճարելու մոդելն, ըստ Հարությունյանի, նոր է ներդրվել եւ հնարավոր է որոշակի դժվարություններ լինեն.

«Եթե մենք ուզում ենք հարկային մուտքներն ապահովել… դուք ասում եք՝ խոշոր- մանր, ցանկացած խոշորի հետեւում կանգնած են մանր տնտեսավարողներ, եւ այդ մանր տնտեսվարողներին հրահրելով, դրդելով խոշորն է փորձում շրջանցել հարկերից: Մենք բերել ենք նրան, որ այս պարագայում շրջանառության հարկով տնտեսավարողների կյանքը հեշտացնենք: Ինձ թվում է մեզ մոտ ստացվել է, որովհետեւ բողոքները քչացել են»:

Ամփոփելով այս տարվա 9 ամիսների ցուցանիշները, Հարությունյանն ասաց, որ

ՊԵԿ-ն ապահովել է 860,5 միլիարդ դրամ հարկային եկամուտներ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները: Սա, նախորդ տարվա 9 ամիսների համեմատ, հարկային մուտքերի 6.7% աճ է, իսկ մաքսայինի՝ 18.3%:
Այս տարվա 9 ամիսներին, ըստ ՊԵԿ նախագահի, նախորդ տարվա 9 ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 74 միլիարդ դրամով՝ 9.4%-ով.«Աճն ապահովվել է հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման շնորհիվ` գերավճարների, ապառքների եւ ստուգումների կրճատման պայմաններում»:
Այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ, ինչպես ներկայացրեց Հարությունյանը, պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին վերաբերող իրական գերավճարները, որոնք չեն առաջացել ներկայացված հաշվարկների արդյունքում, նվազել են 7.2 միլիարդ դրամով, իսկ չվճարված հարկերի գծով պարտավորու­թյունները 2016-ի հոկտեմբերի համեմատ նվազել են 6.5 միլիարդ դրամով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031