Հոկտեմբերի 4-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահի նախասրահում կայացավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանի ասուլիսը, որը նվիրված էր PIANO BATTLE meets ORCHESTRA համաշխարհային պրեմիերային:
Aravot.am-ի հետ զրույցում տիկին Սիրունյանը նշեց, որ հոկտեմբերի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, նաև՝ որպես «Գերմաներենի շաբաթ» շարքի եզրափակիչ միջոցառում, կկայանա «Դաշնամուրամարտ» խորագրով ինքնատիպ ձեւաչափով համերգ, որին մասնակցում են գերմանացի դաշնակահարներ Անդրեաս Քեռնը և Պաուլ Ցիբիսը:
«Համերգը կազմակերպվել է Հայաստանում Գերմանիայի դեսպանության եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ: Բեմում կլինեն երկու դաշնակահար եւ նվագախումբը: Բացի այն, որ հետաքրքիր ծրագիր է լինելու, համերգին մասնակցելու է նաեւ հանդիսատեսը, այսինքն՝ համերգը ինտերակտիվ է լինելու:
Դաշնակահարները տարբեր իմպրովիզացիաներ կկատարեն, նաեւ դասական գործերի, հանդիսատեսի մասնակցությունն էլ այնքանով է լինելու, որ վերջում իրենք են որոշելու լավագույն կատարողին, եւ հատուկ թղթերի միջոցով քվեարկություն է գնալու: Դաշնակահարները բեմից դուրս էլ կգտնվեն հանդիսատեսի մոտ: Համերգը կղեկավարի մաեստրո Էդուարդ Թոփչյանը, կվարի Սերգեյ Սարգսյանը՝ «ԱրմՔոմեդի» նախագծից… Փորձում ենք մի փոքր դասականից շեղվելով ավելի հետաքրքիր ծրագրեր անել»,-ասաց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենը:
Նաեւ հավելեց, որ համերգի հետաքրքիր ձեւաչափի առաջարկը գերմանական դեսպանության կողմից է արվել: «Իմիջիայլոց, սա համաշխարհային պրեմիերա կլինի երկու դաշնակահարների կողմից` ակնկալելով, որ հետագայում հնարավոր կլինի, որ նվագախումբը եւ մաեստրոն մասնակցեն մնացած համերգներին նույնպես ու համերգներ կայանան «դրսում»: Տա Աստված, որ համերգը նորմալ անցնի, եւ նախագիծը կունենա շարունակություն»,- նշեց տիկին Սիրունյանը:
Նա հիշեցրեց, որ Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնը շարունակվում է, ունեն բազմաթիվ այլ անակնկալներ: Դրանցից մեկը արգենտինյան տանգոյի երեկոն է, որին մասնակից պարողները եւ ակորդեոնահար Պաբլո Մաինետտին Արգենտինայից են ժամանելու:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ