«Ռեժիմը խուճապի մեջ է: ՀՀ իշխանությունը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, արձանագրում է, որ ինքը տանուլ է տվել Ադրբեջանի հետ ռազմական բալանսը եւ տանուլ է տվել մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի աջակցությամբ եւ միջամտությամբ»,- այսօր ԱԺ-ում ՀՀ զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի, զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վավերացման քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա, մենք տանուլ ենք տվել մեր անվտանգության փիլիսոփայությունը. «Ամեն անգամ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին եւ մենք հարց ենք բարձրացնում՝ բա ի՞նչ անենք մենք: Պատասխանը պարզ է՝ գնանք մի հատ էլ թույն պայմանագիր կնքենք ՌԴ-ի հետ: Հետո ՌԴ-ն զենք է վաճառում Թուրքիային, բա մենք ի՞նչ անենք: Գնանք մի հատ էլ պայմանագիր կնքենք ՌԴ-ի հետ, որը ավելի կնվազեցնի մեր ինքնիշխանությունը: Շատ ուրախացաք, չէ,՞ իսկանդերների վրա, ՌԴ-ն արդեն Թուրքիային վաճառում է C-400 համակարգեր, որով ձեր իսկանդերները կդառնան մի հատ սովորական խաղալիք: Երբ որ պետք լինի՝ Ադրբեջանի օդում ՌԴ-ի տված C-400-ով Թուրքիան կխփի էդ իսկանդերները, որեւէ կասկած չունենաք: Սա է ձեր ռազմական քաղաքականության արդյունքը»:
Ինչ վերաբերում է համաձայնագրին, որով ռազմական ագրեսիայի դեպքում ռուսական զորքերը պետք է միանան ՀՀ ԶՈՒ-ին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես մի բան չեմ հասկանում՝ Սեւրի դաշնագիր տեսած ժողովուրդը էսքան թղթի վրա գրած պայմանագրի վրա հույս կդնի՞: Սեւրի պայմանագիրն էլ է պայմանագիր: Ես չեմ հասկանում 15 թիվ տեսած ժողովուրդը պայմանագրերի վրա հույս կդնի՞: Դուք պատմություն չգիտե՞ք, բացատրենք, թե 15 թվին ռուսական բանակը Վանը գրավելուց հետո ինչի՞ նահանջեց, արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ կոտորածի զոհ դարձան: Սերժ Սարգսյանը տանուլ է տվել ՀՀ անվտանգության կարեւորագույն կոմպոնենտը…Պետք է հստակ արձանագրել՝ Վազգեն Սարգսյանի թողած տարածաշրջանի ամենաուժեղ բանակը Սերժ Սարգսյանը փոխարինել է տարածաշրջանի ամենաուժեղ թղթապանակով: Մեծաշունչ պայմանագրեր ՌԴ-ի հետ՝ ՀՀ-ի ինքնիշխանությունը նսեմացնող, որոնք ամենավճռական պահին հայտնվելու են աղբանոցում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ