«Ջավախք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավետիսյանը վստահեցնում է՝ եթե կարողանայինք տարանջատել եկեղեցու պատկանելության հարցը և խաչքարի տեղադրումը, Ջավախքի Գումբուրդո գյուղում այդ խնդիրը տեղի չէր ունենա:
«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պարոն Ավետիսյանը պարզաբանեց. «Այսինքն՝ գումբուրդոցիները եկեղեցու բակում խաչքարի տեղադրմամբ չեն ուզում ապացուցել, որ դա հայկական եկեղեցի է, ոչ էլ վրացական կողմն արգելելով՝ պիտի ապացուցի, որ դա վրացական եկեղեցի է: Գյուղացիների ասածն է՝ թույլ տվեք խաչքար տեղադրել այնտեղ, որտեղ մեր նախնյաց մասունքներն են»:
Քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը հայտարարեց, թե այդ եկեղեցու առնչությամբ հավակնություններ մենք չունենք. «Այն քաղքեդոնական է և պատկանում է վրաց ուղղափառ եկեղեցուն: Ինչ վերաբերում է գերեզմանին և ոսկորների տեղափոխմանը, ապա գործընթացը դեռ անցյալ տարվանից սկսել էր, վիրահայոց թեմն ակտիվ մասնակցում էր: Պայմանավորվածություն կար, որ հոկտեմբերի վերջին վերադառնան այդ հարցին: Պետական կառույցները դեմ չեն, բայց չեն կարող ինչ- որ մեկին ստիպել: Քանի որ սեփականությունը վրաց եկեղեցունն է, առաջարկել են, որ երկու եկեղեցական կառույցներն այդ հարցը լուծեն»:
Վրաստանի Jnews.ge կայքի լրագրող Աղունիկ Այվազյանը հերքեց այն տեղեկությունները, թե վրաց ոստիկանները ծեծում էին գյուղի բնակիչներին. «Ոչ մի վրացի ոչ մի հայի չի ծեծել. դաժանաբար ծեծ տեղի չի ունեցել, ուղիղ եթերներն էլ կան: Հիմնականում առաջնամասում մեր Ախալքալաքի ոստիկանությունն է կանգնած եղել: Ուստի մեկնաբանել, որ եղել է ազգամիջյան բախում, սխալ է: Իրականում խնդիրը խաչքարի տեղադրման և չտեղադրման հարցն է: Գումբուրդոյի եկեղեցին իր տարածքով վրաց պատրիարքարանի սեփականությունն է, և վրաց հոգևորականների բարի կամքի դրսևորմամբ միայն հնարավոր է խաչքար տեղադրել»:
Վրաստանի Ալիք մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանի հավաստմամբ՝ խաչքարի տեղադրումն ինքնին իրավական հարթությունից դուրս խնդիր է. «Այն ունի սիմվոլիկա: Խաչքարի տեղադրման խնդիրն այս իրավիճակում նաև բարոյական հարթությունում լուծելու անհրաժեշտություն է առաջացնում: Մի կողմից հարցը պետք է լուծվի իրավական հարթությունում, մյուս կողմից էլ ոչ սովորական լուծում պետք է գտնել»:
Արմեն Ավետիսյանն էլ հարց է բարձրացնում՝ ի՞նչն էր խանգարում պաշտոնական Թբիլիսիին և հոգևորականներին թույլատրել խաչքար տեղադրել Գումբուրդոյի եկեղեցու տարածքում. «Չթույլատրելը պարարտ հող էր սադրիչների համար: Մի խնդիր էլ կա: Այնտեղ կայանված են եղել Ախալքալաքի ոստիկանական զորքերը: Կան հայեր և վրացիներ: Ուժային կառույցների մեջ ազգային խտրականություն պետք չէ որոնել: Բայց ի՞նչ առիթ կար Ջավախքում չլսած մի դեպք, որ հատուկջոկատայիններ բերվեին: Իրավիճակը դրան չէր հասել: Հատուկջոկատայինները սկսում են մահակներով խփել, իսկ գյուղացիները քարեր շպրտում են այն ժամանակ, երբ հատուկջոկատայիններն օդ են կրակում: Դրանից հետո Վրաստանի ներքին գործերի նախարարը հայտարարություն է տարածում, որ քրեական օրենսգրքով գործ է հարուցված՝ իշխանության ներկայացուցչի և ոստիկանների նկատմամբ ուժ կիրառելու, խուլիգանության և մարդու սեփականությանը վնաս հասցնելու համար: Ինչո՞ւ նաև ոստիկանության գործողություններն այստեղ չեն քննարկվում: Միգուցե ծառայողական քննությո՞ւն պիտի տարվեր: Տուժող կողմը միայն ոստիկանները չեն, գյուղացիներն էլ են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի