«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանն ընդդեմ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի գործով նախնական դատական նիստն այսօր կրկին տեղի չունեցավ: Պատասխանող կողմը դատարանին մեկ օր առաջ տեղեկացրել էր, որ իր փաստաբանը մեկնել է արտասահման ու խնդրել նիստը հետաձգել:
Հայցվոր կողմի ներկայացուցիչ Կոստան Սիմոնյանը դատարանին տեղեկացրեց, որ դեռ չեն ստացել իրենց հայցադիմումի վերաբերյալ պատասխանող կողմի առարկությունները, դատարանը տրամադրեց մի օրինակ:
Ապա հայցվոր կողմը ներկայացրեց հայցապահանջի լրացումները, այն է՝ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին պարտավորեցնել ոչ միայն հրապարակային ներողություն խնդրել լրագրողից, այլեւ բռնագանձել 300.000 դրամ որպես բարոյական փոխհատուցում, 250.000 դրամ էլ որպես փաստաբանական ծառայության դիմաց վճարված գումար: Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2018 թվականի փետրվարի 14-ին:
Հիշեցնենք, որ Ռուբեն Հակոբյանը խորհրդարանի շենքում հարվածել էր «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին, ըստ նախկին պատգամավորի պնդման՝ հնչեցված վիրավորանքից հետո: Լրագրողն էլ պնդում է, թե ինքը չի վիրավորել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ