Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Խաչատրյան. «Ով ինչ խոսի, մեկ է` նախագահ ընտրողը կինեմատոգրաֆիստներն են» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2017 15:02

Հոկտեմբերի 4-ին «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում կայացած ասուլիսում կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը ներկայացրեց իր այն ծրագիրը, որով հոկտեմբերի 7-ին Կինեմատոգրաֆիստների միությունում կայանալիք միության համագումարում հանդես է գալու որպես կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու: Ծրագիրը վերնագրված է «Վերջապես պետք է բացվի Կինոյի տան դուռը»:

Ասուլիսին անակնկալ եկել էր նաեւ կինեմատոգրաֆիստների միության նախագահի մեկ այլ թեկնածու` նախկին նախագահ Ռուբեն Գեւորգյանցի որդին՝ Վահե Գեւորգյանցը: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ իրեն հետաքրքիր է ներկա գտնվել իր ավագ գործընկերոջ ասուլիսին:

Հարություն Խաչատրյանի փաստմամբ, կինոն դժվարության մեջ է գտնվում. «Հայկական կինոն չի շարժվում առաջ, եւ սա այն դեպքում, երբ կինոարտադրության վրա քիչ փող չի ներդրվում, այսինքն՝ ծախսվում է այնքան, որքան Վրաստանում…Մենք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջոցով մթնոլորտ ստեղծեցինք, բայց պետք է, որ հայկական կինոյի տեսակը չկորի…Ինձ անհանգստացնում է կինոյի տեսակը, որովհետեւ թող մեծամիտ չհնչի, ես ապրում եմ կինոյով, խոսում եմ կինոյով, իմ լեզուն կինոլեզուն է…Կինոմիությունում նախկին ղեկավարության օրոք լավ գործեր են արվել, ապահովել են մարդկանց սոցիալական եւ նյութական միջոցները, բայց կինոն հիմա այն վիճակում է, որ բոլորը համախմբվեն մի տեղ, առաջ տան ծրագիրը, իսկ Կինոմիությունը մարդկանց միավորելու հնարավորություն տալիս է…Կինոյով խոսելը հեշտ է, կինոյով կարող ես պատմել ամեն ինչ, ոգեւորվել, հպարտանալ, խոսել խնդիրներից, երկրից երկիր տեղափոխվել…»:

Կինոռեժիսորը նաեւ հավելեց. «Եթե վաղը առաջ գա մի այնպիսի թեկնածու, որն ավելին կարող է անել, քան ես, կհանեմ իմ թեկնածությունը, կգնամ կողքին կկանգնեմ: Օրինակ, հիմա այստեղ նստած է իմ ընկերոջ որդին` շատ լավ ռեժիսոր Վահե Գեւորգյանցը, եթե իմանայի, որ նա այնքան կապեր ունի, որքան ես ու այնքան փորձ ունի, որքան ես…Կարծում եմ՝ կինեմատոգրաֆիստներին պետք է իմ փորձը` «Ոսկե ծիրան», կինոակադեմիայի հիմնադրում, դեբյուտային ստուդիա…»:

Հարություն Խաչատրյանն իր հասցեին արված կսմիթներին էլ անդրադարձավ, ասաց, որ որեւէ մեկից չի նեղանում, քանի որ, ով ինչ էլ խոսի կամ գրի, միեւնույն է՝ նախագահ ընտրողը կինեմատոգրաֆիստներն են:

Ինչ վերաբերում է Կինոյի մասի օրենքի նախագծին, այնտեղ կինոռեժիսորը վտանգներ է տեսնում, նրա ձեւակերպմամբ, միտումներ կան կոմերցիալ կինոն առաջ մղելու, ծառայություններ մատուցելու եւ տեղացի կինոարտադրողին հնարավորություններ չտալու: «Մենք դեռ չենք վերականգնել մեր համր կինոյի ժառանգությունը, չենք վերլուծել մեր ունեցածը, դեռ պետք է կարողանանք հայկական կինոն արտահանել, ցուցադրել աշխարհում: Պետք է մթնոլորտ ստեղծենք, քննարկումներ, կոնֆերանսներ, կինոյի թանգարան ստեղծենք, ինչքան մոռանանք մեր ժառանգությունը, այնքան դառնալու ենք միայնակ ու խեղճ, պետք է գիլդիաներ ստեղծվեն, իրավական, սոցիալական պաշտպանվածություն լինի, ժառանգության վերականգնում, տասնյակ ծրագրեր իրականացվեն…»,-ասաց կինոմիության նախագահի թեկնածուն:

Օրենքի նախագծի մասին խոսելիս էլ հավելեց, որ կինոյի մարդիկ չեն կարող օրենք գրել, քանի որ առաջնորդվում են հույզերով. «Կինոօրենքը գրում են էքսպերտները, ոչ թե օպերատորներն ու կինոռեժիսորները, ոչ թե մի Հարություն Խաչատրյան, մի Վահիկ Գեւորգյանց կամ Պողոս Պողոսյան…Ցավոք, այսօր հայկական կինոյի պաշտպանության համար ոչ մի օրենք չկա, կինոն 6-րդ պլանում է»:

Հարություն Խաչատրյանը վստահ է, որ համագումարը եւ ընտրությունները կանցնեն քաղաքակիրթ մթնոլորտում, բյուլետենները կստորագրվեն, հաշվիչ հանձնաժողովում էլ ամեն թեկնածու իր ներկայացուցիչը կունենա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031