ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպի» կազմի մեջ մտնող ընկերություններում հարկային ստուգումները տարեկան ստուգումներ են: Այսօր այս մասին ասաց պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը՝ տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ: Պատասխանելով լրագրողների հարցերին, թե՝ ի՞նչ հիմքերով են ստուգումներ սկսվել «Մուլտի գրուպում» եւ «Քեթրին» ընկերությունում, պարոն Հարությունյանն ասաց, որ բոլոր ընկերությունների ստուգման գործընթացը տարեկան հաստատված ծրագրով է իրականացվում եւ ՊԵԿ-ը որեւէ միջամտություն չունի. «Համակարգիչն ընտրում է ռիսկային ընկերություններին, որոնք պետք է տվյալ տարում ստուգումներ կատարվեն»:
ՊԵԿ նախագահի խոսքերով՝ «Մուլտի գրուպն» ու «Քեթրինը» անցյալ տարի ներառված են եղել 2017 թվականի ստուգումների ցանկում, ուստի այս տարի պետք է ստուգվեին.« Որեւէ խնդիր, արտառոց բան ես այստեղ չեմ տեսնում: Այդ չափորոշիչները համակարգչում դրված են, համակարգիչն է որոշում՝ որոնք են ռիսկային համարվում: Չափորոշիչները բազմաթիվ են»:
Հարցին էլ՝ ի՞նչն է պատճառը, որ օրինապահ հարկ վճարողների հավաստագիր չեն ստանում «Ալեք Հոլդինգը», «Մուլտի գրուպը», պարոն Հարությունյանն այսպես պատասխանեց.«Օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ ստանում են այն ընկերությունները, որոնք որոշակի «կրիտերիաների» համապատասխան են գործում: Այդ ընկերությունները մի գուցե որոշ «կրիտերիաներով» չեն բավարարել, դրա համար էլ օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ չեն ստացել»:
ՊԵԿ նախագահը վստահեցրեց՝ այն ընկերությունները, որոնք ստացել են օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ, անաչառ վերլուծությունից հետո են այդ կարգավիճակը ստացել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ