Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործը եւս կիսվեց երկու մասի, որոնցից մեկը շարունակելու է քննել դատավոր Արտուշ Գաբրիելյանը: «Սասնա ծռերի» պաշտպաններից փաստաբան Երվանդ Վարոսյանը կարծում է, որ սա դատավորի փոփոխության գործընթաց է, պարզապես՝ առանց վերջինիս կողմից ինքնաբացարկ հայտնելու: «Նպատակն է՝ գործերը տարանջատել եւ հանձնել այլ դատավորների: Չեմ բացառում, որ գործերը նաեւ դատարանների տարբեր շենքերում քննվեն»,-դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Թե ինչպես են որոշել՝ ո՞ր ամբաստանյալներին թողնել Արտուշ Գաբրիելյանի վարույթում, Երվանդ Վարոսյանի խոսքով. «Մտածել են՝ Արտուշ Գաբրիելյանը ո՞ր մասն ավելի հեշտ յոլա կտանի…այլ սկզբունք չկա, որովհետեւ մեղադրանքների տարբերություն չկա»:
Փաստաբանը համոզված է, որ գործերը «կիսելն» ազդելու է դատաքննության որակի վրա. «Անհնար է երեք տարբեր տեղերում գործը քննել նույն ապացույցներով, նույն վկաներով եւ նույն տուժողներով»: Հիշեցնենք, որ ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ երեք մասի բաժանված գործերից մեկը քննելու է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը, մյուսը՝ դատավոր Մեսրոպ Մակյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ