Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողի նկատմամբ բռնություն կատարած կասկածյալի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը

Հոկտեմբեր 04,2017 14:16

Սեպտեմբերի 28-ին մասնագիտական գործունեություն իրականացնելու ժամանակ բռնության ենթարկված Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը քննչական փորձաքննության ժամանակ ճանաչել է իր նկատմամբ բռնություն կատարած անձին:

«Մեկը ինքն էր եւ մի քանի հոգի իրեն օգնող անձինք, որոնց ես չգիտեմ, չեմ ճանաչում, չեմ նույնականացրել: Ես կոնկրետ գլխավոր բռնարարին՝ Տիգրան Նազարյանին 8 անձի մեջ ճանաչել եմ անմիջապես: Դեռ նախաքննության փուլում է, չեն ասում ոչ մի բան, բայց մինչեւ էս պահը, իմ կարծիքով ամեն ինչ օրենքով է արվել»:

Նարինեն ասում է, որ իր նկատմամբ բռնություն են գործադրել, երբ ինքը նկարահանում էր անձրեւի ժամանակ կատարվող ասֆալտապատման աշխատանքները:

Հեռուստաընկերության տնօրենը ստեղծված իրավիճակի մեջ տեղական իշխանություններին է մեղադրում. «Ես երկուսին էլ մեղադրում եմ՝ Լոռու մարզպետին էլ, Վանաձորի քաղաքապետին էլ, մեկը որպես շահառու, մյուսն էլ որպես պատվիրատու: Նրանց անգործության արդյունքում է, որ կապալառուները վատ որակով աշխատանք են կատարում: Իսկ համայնքը պարտավոր է վերահսկի շինարարական աշխատանքները, որպես շահառու: Որովհետեւ դրանց անորակ լինելու պատճառով հաջորդ տարի կառավարությունն էլ փող չի տալու դրա համար: Պիտի նորից համայնքային բյուջեից սկսեն փոսային նորոգման աշխատանքներ անեն: Անձրեւի տակ ասֆալտ են փռում ու մարզպետը, որպես պատվիրատու, որպես պետության ներկայացուցիչ այս մարզում, որը որ պետք է կոպեկ-կոպեկ խնայողությամբ օգտագործեր ու որակ պահանջեր այդ փողերով կատարվող շինարարական աշխատանքների համար, ոչ միայն աչք է փակում ու չի հետեւում, մեր բարձրաձայնելուց հետո էլ որեւէ վերաբերմունք չի ցույց տալիս: Ասի, մրցույթը էդ «Շին պլյուսը» շահել է, էդ ոնց է, որ անձրեւի տակ ասֆալտ են փռում, էդ իրենց չի՞ հետաքրքրում»:

Մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ ստացվել են հակասական տվյալներ.

«Լրագրողը քրեական գործով ճանաչվել է որպես տուժող, ձեռնարկվում են քննչական եւ դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: Քրեական գործով հարցաքննվել են տարբեր անձինք, այդ թվում տուժողը: Ստացվել են հակասական տվյալներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ: Ներկայումս անհրաժեշտություն կա կատարելու առերես հարցաքննություններ՝ ստուգելու ցուցմունքներում մատնանշված հանգամանքները, որոնց համակցությամբ նոր կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ: Բացի այդ՝ նշանակվել է նաեւ դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն: Տուժողի մասնակցությամբ կատարված ճանաչման գործողության ընթացքում նա մատնացույց է արել ՍՊԸ-ի տնօրենին, որպես իր նկատմամբ բռնություն կատարած անձի: Եւ տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին»:

Դեպքին արձագանքել էր նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը: ՄԻՊ հանրային կապերի բաժնի աշխատակից Նունե Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք հետեւում են գործի ընթացքին. «Գլխավոր դատախազություն նամակ ենք գրել, վերաշարադրել ենք այն փաստերը, որը որ Նարինե Ավետիսյանը բարձրաձայնել էր քրեական գործ հարուցելու համար: Նաեւ տեղեկություններ ենք խնդրել, որպեսզի մենք տեղեկացված լինենք, թե գործն ինչ ընթացքի մեջ է եւ այդ ուղղությամբ ինչ աշխատանքներ են իրականացվել»:

Նարինե Ավետիսյանի շահերը պաշտպանում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցները: Լրագրողական գործունեության ընթացքում, սա Նարինեի նկատմամբ բռնության հինգերորդ դեպքն է, նախորդ չորս դեպքերով մեղավորները չեն բացահայտվել:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031