Հետախույզ Վովա Վարդանովի դիտարկմամբ, սահմանին վերջին շրջանում արձանագրված հարաբերական խաղաղությունը պայմանավորված է տարբեր զորավարժություններին Ադրբեջանի մասնակցությամբ:
«Այժմ համեմատաբար հանգիստ է, չնայած մեկ է՝ էլի անհանգստացնում են: Համեմատական հանգիստը պետք չէ պայմանավորել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպմամբ, դա կարող է պայմանավորված լինել իրար հաջորդող զորավարժություններով, ինչը կարող էր ստիպել Ադրբեջանին ակտիվ զորքը կիրառել այդ զորավարժությունների ժամանակ»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց հետախույզը:
Անդրադառնալով առաջիկայում ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը՝ Վովա Վարդանովն ասաց, որ ոչ մի առաջխաղացում հակամարտության կարգավորման առումով չի լինի. «Ինչ առաջխաղացում, ոչ մի առաջխաղացում չի կարող տեղի ունենալ, որովհետեւ այն պայմաններով, որ փորձում են մեզ խաղաղություն պարտադրել, կործանարար է մեզ համար, իսկ թուրքին էլ ձեռք չի տալիս, որովհետեւ իր թասիբին է խփում: Մինչեւ եռանախագահները իրար հետ լեզու չգտնեն, ոչ մի առաջխաղացում չեմ ակնկալում, եւ մեզ պետք էլ չէ, մեզ ձեռք է տալիս այս իրավիճակը, ինչը պետք է օգտագործենք մեր բանակն ամրացնելու համար»:
Վովա Վարդանովի խոսքով, եռանախագահները իրենց շահերն են պաշտպանում Հարավային Կովկասում ու մինչեւ այդ երկրների շահերը չհամընկնեն նույն հարցում ու մեզ չպարտադրեն, որ ինչ-որ բան ստորագրենք ու այդ ստորագրությանը հետեւենք, ոչինչ չի փոխվելու. «Քանի դա տեղի չի ունեցել, այս իրավիճակը մեզ համար շահավետ է»:
Ըստ նրա՝ Իրաքի քրդերի անկախանալու նախաձեռնությունն էլ կարող է լավ դաս լինել հայերի համար. «Դա ընտիր դասագիրք է, թե ինչպես է պետք գործել այսօր, այսպես ասած, ասիչների հետ: Ոնց է պետք գործել թուրքական պետության հետ: Ի դեպ, քուրդը կարող է մեզ գործընկեր դառնալ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ