Հոկտեմբերի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Բա՛ց գիրկդ, երկի՛ր, քեզ մոտ եմ գալիս» խորագրով համերգը, որին մասնակցեցին երգիչներ Հայաստանից և Սփյուռքից:
Համերգին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ելույթ ունեցան ամերիկաբնակ սիրված երգիչ Պապին Պողոսյանը, Արմեն Հովհաննիսյանը (հայտնի երգիչ Րաֆֆի Հովհաննիսյանի որդին), Հերմինե Ամիրյանը, Էմմա Թովմասյանը, Սալբի Մայիլյանը, Հայաստանից՝ Վարդան Բադալյանը, Անահիտ Սահակյանը, Մավր Մկրտչյանը, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ Նորայր Դավթյանի ղեկավարությամբ։
Համերգի ընթացքում երգիչներից յուրաքանչյուրը ներկայացավ իր երգացանկով, հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաև գուսանական, աշուղական երգեր։
Խմբի համերգային շրջագայությունը Հայաստանում կազմակերպել էր Հասմիկ Զալյանը:
Երեկոյի ավարտին ելույթ ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նա Պապին Պողոսյանին փոխանցեց 2016թ. նրան շնորհած ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալը, որին արվեստագետն արժանացել էր Սփյուռքում հայկական արվեստը տարածելու, այդ ոլորտում ստեղծագործական և կատարողական բարձր վարպետության և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում զգալի ներդրում ունենալու համար:
Արվեստագետներ Սալբի Մայիլյանը, Էմմա Թովմասյանը, Հերմինե Ամիրյանը և Արմինե Հովհաննիսյանը պարգևատրվեցին Սփյուռքի նախարարության պատվոգրերով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ