Ջավախքի Գումբուրդո գյուղի հայ բնակչության վրա Վրաստանի ոստիկանության հատուկ ջոկատայինների հարձակումը, հաջորդող զարգացումներով հանդերձ, շարունակում է մնալ մեր հասարակական, քաղաքական, բնականաբար նաեւ՝ պետական եւ հոգեւոր շրջանակների ուշադրության կենտրոնում:
Մինչ այժմ հնչած տեսակետների շարքում գերակշռում է այն վարկածը, որ դա կարող էր նախապատրաստված սադրանք լինել, ինչպես Վրաստանում սպասվող ՏԻՄ ընտրությունների հետ կապված, այնպես էլ՝ թուրք-ադրբեջանական շրջանակների կողմից՝ հայ-վրացական հարաբերությունները փչացնելու նպատակով: Բայց նախքան այդ վարկածին վերաբերող դիտարկումները, առանձնացնենք այս թեմայի շուրջ երեկ արձանագրված առավել էական զարգացումները:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. ՎԱՀՐԱՄ քահանա ՄԵԼԻՔՅԱՆԸ մասնավորապես նշել է. «Խնդիրը հետեւյալն է: Գումբուրդո գյուղի եկեղեցու շրջակայքում ամփոփված են եղել ննջեցյալներ: Վերջին շրջանում վերանորոգման շինարարական աշխատանքներ են իրականացվել, որոնց ընթացքում գերեզմանները քանդվել եւ ննջեցյալների աճյունները շինարարական մնացորդների հետ տեղափոխվել են այլ վայր:
Տեղեկանալով այս մասին՝ գյուղացիները երեք տասնյակից ավելի պարկերի մեջ հավաքել են աճյունները եւ ամփոփել եկեղեցու տարածքում՝ ցանկանալով նաեւ վերահուղարկավորման վայրում կանգնեցնել խաչքար: Խաչքարի տեղադրումն արգելվել է իրավապահների կողմից, ինչը այս տհաճ միջադեպի պատճառ է դարձել եւ որոշակի լարվածություն առաջ բերել»:
Հարցին, թե ի՞նչ քայլեր են կատարվում ստեղծված անցանկալի իրավիճակը հարթելու նպատակով, Մայր Աթոռի ներկայացուցիչը պատասխանել է. «Նախ կուզենք տեղեկացնել, որ խաչքարի տեղադրման հարցը երկար ժամանակ է, որ բերված է վրաց կողմի ուշադրության: Այս կապակցությամբ ինչպես վրաց իշխանությունների, այնպես էլ Վրաց եկեղեցու ներկայացուցիչների հետ քննարկումներ են տեղի ունեցել Վիրահայոց թեմի ներկայացուցիչների մակարդակով: Հարցն արծարծվել է նաեւ սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռում Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեի հանդիպմանը:
Վիրահայոց թեմի առաջնորդը շարունակում է հանդիպումները վրացական իշխանությունների եւ եկեղեցու ներկայացուցիչների հետ՝ հանդարտության մեջ խնդիրը բարվոք լուծման առաջնորդելու եւ լարվածությունը թուլացնելու համար:
Հույս ունենք, որ վրաց իշխանությունների, Վրաց Ուղղափառ Եկեղեցու եւ հայոց թեմի համատեղ ջանքերով խնդիրը կկարգավորվի եւ Գումբուրդոյի մեր ժողովրդին հնարավորություն կընձեռվի, ազգային ավանդույթի համաձայն, պատշաճ հարգանք դրսեւորել իրենց ննջեցյալների նկատմամբ»:
Դե ինչ, Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումն ու մոտեցումները միանգամայն հստակ են, ողջամիտ եւ ընկալելի, միաժամանակ՝ նպատակաուղղված խնդրի երկուստեք ընդունելի լուծմանն ու վրացական իշխանությունների, կոնկրետ՝ ոստիկանության բռի ու վայրենի պահվածքով բորբոքված կրքերը հանդարտեցնելուն:
Ա. Հակոբյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում