Ինձ մարդիկ հարցնում են՝ արդյոք Կատալոնիան կամ Քրդստանը կկարողանա՞ն անկախանալ: Ես, ճիշտն ասած, այդ հարցի պատասխանը չգիտեմ, որովհետեւ խորությամբ չեմ ուսումնասիրել այդ տարածքների պատմությունն ու իրողությունները, եւ չգիտեմ՝ արդյոք այդտեղ ապրող ժողովուրդներն ուզո՞ւմ են անկախ պետություն ունենալ: Հանրաքվեների տոկոսները մի բան են, իսկ մարդկանց իրական ձգտումները՝ բոլորովին այլ: Եթե Իրաքի քրդերն ու կատալոնացիներն իսկապես ցանկանում են անկախ ապրել, ապա նրանց ոչինչ չի կարող խանգարել: Քրդերին չեն խանգարի հարեւանների սպառնալիքները, պատժամիջոցները, անգամ հնարավոր պատերազմը:
Կատալոնացիներին չեն խանգարի «կենտրոնից» ուղարկած ոստիկանների բռնությունները եւ այն տխուր հանգամանքը, որ Եվրահանձնաժողովը չի ընդունում հանրաքվեի արդյունքները (հետաքրքիր է՝ Կատալոնիայի իշխանությունները հարցրե՞լ են ԵՄ այդ կառույցի կարծիքը): Կարելի է ջարդել-փշրել ընտրական տեղամասերը, գողանալ կամ վառել քվեաթերթիկները՝ դա չի օգնի. եթե քաղաքացիների մեծամասնության մտքին կա կառուցել սեփական պետությունը, նրանք կկառուցեն: Իսկ եթե չկա՞:
Եթե չկա, ինչ ուզում ես հռչակիր, ինչ դրոշներ ուզում ես ՄԱԿ-ի շենքի դիմաց ծածանիր, միեւնույն է՝ դու, մեծ հաշվով, պետություն չես դառնա: Մարդիկ, ինչպես եւ ազգերը, իրականացնում են այն, ինչին իսկապես ձգտում են: «Իսկապես»-ն այստեղ առանցքային բառ է: Եթե մեկն ասում է՝ «ուզում եմ օլիգարխի նման «ախրանայի» 4 մեքենաներով քաղաքում պտտվեմ», դա իրական ցանկություն չէ, դա ուղղակի պարապ զրույց է: Որովհետեւ իրականում այդպես խոսող մարդն ուզում է ապրել խեղճության մեջ եւ բողոքել իր խեղճությունից: Նույնը՝ այս դեպքում. եթե քրդերը կամ կատալոնացիներն ասեն՝ ուզում ենք անկախ ապրել, բայց Իսպանիան կամ Իրաքը մեզ խանգարում են, ուրեմն նրանց այդ «ուզելը» իրական չէ՝ դա պարզապես կյանքից բողոքելու ձեւ է:
Ես, օրինակ, կասկածում եմ, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը ցանկանում է անկախ պետություն ունենալ: Վերջերս Զարուհի Փոստանջյանն իր համախոհների հետ շրջագայություն է սկսել Հայաստանով մեկ: Նպատակը համահայկական ապստամբություն, «ընդվզում» կազմակերպելն է: Բայց այդ գաղափարը կարող են կիսել միայն այն մարդիկ, որոնք ցանկանում են Հայաստան պետություն կառուցել: Իսկապես են ցանկանում, ոչ թե հենց այնպես օդ են տատանում: Իսկ տիկին Փոստանջյանի զրուցակիցներն իրականում ցանկանում են բողոքել իրենց խեղճությունից, ոմանք էլ բարձրաձայն արտահայտում են իրենց նվիրական ձգտումը՝ թող Պուտինը «վերցնի» Հայաստանը, կարգին իշխի, «աշխատեցնի» այս «օբյեկտը» եւ իրենց էլ «լավ պահի»: Դե, եթե Պուտինը չի ուզում, ուրեմն թող դա անի որեւէ «լավ տղա»՝ տեղացիներից: Հավանաբար, այն տղաներից, որոնք ընտրությունների ժամանակ 10 հազարանոցներ են բաժանել:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ժողովրդավարությունը ոչ թե ժողովրդի կողմից վարել ղեկավարելն է, այլ հենց ժողովրդին վարել ղեկավարելն է, եւ դա ճիշտ է՝ պետք է ժողովրդին ղեկավարել դաստիարակել եւ դա պետք է անեն քաղաքական գործիչները, որոնք ինչպես ծնողն է սիրով դաստարակում իր երեխային, այնպես էլ իսկական քաղաքական գործիչը սիրով է դաստիարակում իր ժողովրդին, դեռ շուտ է ժողովրդին բարդ քաղաքականություն բացատրելը: