Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարեցների կյանքն ու նրանց սեփականության իրավունքը վտանգված է»

Հոկտեմբեր 04,2017 14:30

«Առավոտին» են դիմել 72-ամյա Շուշանիկ Բինգոլցյանն ու նրա փաստաբան Ն. Բադալյանը: Միայնակ կինն աշխատել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, որպես դաշնամուրի ուսուցչուհի: Նա վատառողջ է:

Փաստաբանն ու նրա վստահորդը դիմել են հանրապետության նախագահին, գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաեւ ԱԺ խմբակցություններին, անհատ պատգամավորներին:

Այստեղ ներկայացնում ենք 72-ամյա միայնակ թոշակառու Շուշանիկ Բինգոլցյանին վերաբերող երկու դատական գործեր, որոնցից մեկի վճիռն արդեն կայացված է եւ բողոքարկման փուլում է, իսկ մյուսը դեռեւս գտնվում է քննության փուլում: Ստորեւ բերում ենք համառոտ տեղեկություններ դրանց մասին՝ այդ գործերի էության եւ ընթացքին ծանոթացնելու նպատակով:

Երեւանի Հ. Շահինյան փող. (նախկինում՝ Այգեստանի 8 փ.) 9 տունը պատկանում է Շուշանիկ Բինգոլցյանին: Նա այդ տանը բնակվում է 1957 թվականից:

Հողի բաժանումից հետո (03.11.2004 թ.) տան ամբողջական շենքը ստացել է երեք տարբեր հասցեներ՝ Հ. Շահինյան փող. 9, 9/1 եւ 9ա (կամ 9/2) հասցեները, որոնց համապատասխանում են 0028, 0029 եւ 0030 կադաստրային կոդերը: Նշենք, որ դրանցից միայն 9 հասցեի տունը (կոդ 0028) մեկ հարկ ունի, իսկ 9/1 եւ 9/2 հասցեների շինությունները (կոդեր 0029 եւ 0030)՝ երկու հարկ:

Ա. Հովհաննիսյան եւ Լ.Հարությունյան ամուսինները 14.04.2011 թ. առուվաճառքի եւ գրավի հիպոթեքի պայմանագրերի հիման վրա ձեռք են բերել նույն շենքի միջին հատվածը՝ Հ. Շահինյան փ. 9/1 հասցեի տունը: Նրանք զբաղվում են փորձագիտական գործունեությամբ եւ, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, խախտել են Շ. Բինգոլցյանի սեփականության իրավունքը, նյութական եւ բարոյական վնասներ պատճառել նրան:

1. Իրենց տան 2-րդ հարկում առանց հարեւանների եւ քաղաքապետարանի թույլտվության ապօրինի պատուհան են բացել դեպի Շ. Բինգոլցյանի տանիքը:

2. Շինարարության ընթացքում պատից հանած քարերը նետել են դեպի Շ. Բինգոլցյանի տանիքը, կոտրելով դրա թիթեղը, որի հետեւանքով անձրեւաջրերը եւ այլ տեղումները հեղեղել են նրա տունը, վնասել տանիքը, առաստաղը, պատերը եւ էլեկտրական հոսանքի լարերը:

3. Իրենց 2-րդ հարկում պատշգամբ են կառուցել, որը փակում է Շ. Բինգոլցյանի տան լուսավորությունը, ինչը խորացնում է ավելցուկային խոնավության հետ կապված խնդիրները՝ մասնավորապես տարվա ցուրտ եղանակներին:

Այդ գործողությունների ապօրինի լինելը հաստատվում է Երեւանի քաղաքապետարանի 27.10.2011թ. պատասխանով եւ «Փայփ Լայն» ՍՊԸ-ի մասնագիտական եզրակացությամբ՝ շինությունը վերականգնելու ծախսերի հաշվարկով, ինչպես նաեւ տանիքի եւ շենքի ներսում արված լուսանկարներով:

Անտեսելով այս անառարկելի ապացույցները, Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների դատարանը, խախտելով գործող օրենսդրության պահանջները, 31.08.2017թ. թիվ ԵԿԴ/4776/02/15 գործի վճռով մերժել է Շ. Բինգոլցյանի հայցը ընդդեմ Ա.Հովհաննիսյանի եւ Լ.Հարությունյանի՝ սեփականության իրավունքի խախտումները վերացնելու եւ վնասի հատուցման պահանջի մասին, պարտադրելով հայցվորին վճարել 162 000 ՀՀ դրամ պետական տուրք:

Նույն դատարանի վարույթում է գտնվում երկրորդ գործը. Ա. Հովհաննիսյանի եւ Լ. Հարությունյանի հայցն ընդդեմ Շ. Բինգոլցյանի՝ սեփականության իրավունքի խախտումները վերացնելու, վնասի հատուցման պահանջով: Այն ներկայացվել է դատարան 14.07.2012 թ.-ին, իսկ դատավոր Ա. Մելքումյանի կողմից 03.09.2012 թ. վարույթ է ընդունվել եւ նույն օրը հայցագնի չափով արգելանք է դրվել տարեց կնոջ՝ Շ. Բինգոլցյանին պատկանող անշարժ գույքի վրա: Այդ հայցի իրական հիմքերը պարզելու համար դատավոր Ա. Մելքումյանը 01.02.2013 թ. փորձաքննություն է նշանակել՝ որոշակի հարցեր առաջադրելով փորձագետներին, սակայն վերջիններս 22.05.2013 թ. ներկայացրել են թիվ 15531307 միջնորդությունը, ըստ որի՝ մասնագիտական եզրակացություն կայացնելու համար պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր. «Երեւանի Հ. Շահինյան փողոցի թիվ 9, 9/1, 9/2 հասցեներում գտնվող անշարժ գույքերի իրավունքի գրանցման սեփականության վկայականները, որտեղ գծանշված է օրինական հողատարածքի՝ բնության մեջ տեղակայման սահմանային կետերի X եւ Y կոորդինատները (հողահատկացման կոորդինատները, հատվածներ քարտեզից)»: Դատարանը չի ապահովել վերոհիշյալ փաստաթղթերը, ինչը ստիպել է Շ. Բինգոլցյանին պահանջել կադաստրից նշված փաստաթղթերը, ներկայացնել դրանք դատարանին՝ փորձագետներին տրամադրելու համար: 17.10.2016-ին ներկայացված իրենց թիվ 21151607 վերջնական եզրակացության տեքստի մեջ կան բազում անհամապատասխանություններ:

Մասնավորապես,
1. Դրանում չկա ոչ մի անդրադարձ իրենց իսկ 22.03.2013 թ. պահանջած անհրաժեշտ կադաստրային փաստաթղթերին:
2. Բացակայում են նորագույն չափումների հիման վրա կայացված հայցվորների հողամասի չափերի մասին տեղեկությունները:
3. Չի ներկայացված ոչ մի ապացույց առ այն, որ Շ. Բինգոլցյանը որեւէ նյութական վնասի կամ սեփականության իրավունքի խախտման հետ կապված գործողություն է կատարել՝ հայցվորներին պատկանող հողի կամ շինության հանդեպ:
4. Չի նշված, որ 9/1 տան 14.04.2011 թ. առուվաճառքի պայմանագրի ստորագրումից հետո կատարվե՞լ են, արդյոք, Շ. Բինգոլցյանի կողմից որեւէ շինարարական աշխատանքներ, որոնք կարող էին վնաս պատճառել հայցվորներին կամ խախտել իրենց սեփականության իրավունքը, թե ոչ:
5. Նշված է, որ փաստացի կատարված են 9/1 տան հիմքերի եւ նկուղի ամրացման աշխատանքները, թեեւ հայցադիմումի մեջ ասված էր, որ այդ աշխատանքները պիտի կատարվեն՝ պատասխանողից համապատասխան գումար գանձելուց հետո:
6. Այդ վերանորոգման թիվը փորձագետների եզրակացության մեջ ավելի մեծ է, քան նշված էր 14.07.2012 հայցադիմումի մեջ՝ 5.172.000 ՀՀ դրամից դառնալով 5.969.588 ՀՀ դրամ:
7. Չի նշված, արդյոք հայցվորներն ունե՞ն հարեւանների եւ քաղաքապետարանի թույլտվությունը՝ տան հիմքերի եւ նկուղի վերակառուցողական աշխատանքներն իրականացնելու համար:
8. Չկա որեւէ անդրադարձ առ այն, թե ինչպես է ազդում ամբողջական շենքի միջին հատվածի միակողմանի ամրացումը այդ շենքի մնացած հատվածների վրա եւ կարո՞ղ է, արդյոք, դա նպաստել դրանց փլուզմանը՝ շենքի տարբեր մասերի նստվածքային երեւույթների անհամաչափության պատճառով, որեւէ ապացույց առ այն, որ վերոհիշյալ աշխատանքները պահանջել են այդ փաստաթղթում ներկայացված գումարին՝ չկան շինարարների հետ պայմանագրերը, առեւտրային այլ փաստաթղթեր:

Ուսումնասիրելով փորձագետների կարծիքը, մենք գտնում ենք, որ հարկավոր է նշանակել ավելի հիմնավոր փորձաքննություն, հանձնարարելով այն այլ փորձագետների եւ առաջարկելով նրանց մի շարք հարցեր, որոնք բխում են նշված անհամապատասխանություններից: Սակայն բավական չէ, որ 17.10.2016թ.-ին կայացված փորձագետների եզրակացությունը հանձնվել է մեզ՝ բազում պահանջներից հետո միայն 15.05.2017-ին, դրանից հետո չի կայացել եւ ոչ մի նիստ, որում մենք հնարավորություն ունենայինք ներկայացնել մեր դիրքորոշումն ու հնչեցնել մեր հարցերը: Ոչ 08.06.2017թ., ոչ 23.08.2017թ. եւ ոչ էլ 27.09.2017թ. հայցվորները դատարան չեն ներկայացել: Ինչ վերաբերում է վերջին՝ 27.09.2017 թ. հետաձգված նիստին, ապա հարկ է նշել, որ թեեւ դատարանն այն հետաձգել է ֆորմալ կերպով հարգելի պատճառով, այն է՝ կողմերին ուղարկված ծանուցագրերի փոստի բաժանմունքից վերադարձի փաստով, սակայն իրականում դատարանը զգուշացված է եղել, որ Շ. Բինգոլցյանը, որը ծանուցում չէր ստացել, այնուամենայնիվ, տեղեկացված էր դատական նիստի օրվա եւ ժամի մասին իր փաստաբանի կողմից եւ որ նրանք՝ այսինքն մենք, կներկայանանք դատարան:

Սակայն դատարանում մեզ, ըստ ամենայնի, ոչ ոք սպասելու մտադիր չէր: Ըստ դատավորի օգնականի, դատավոր Ա. Մելքումյանը դահլիճ էր մտել 10 րոպե ուշացումով՝ ժ.12:40-ին, արձանագրել, որ ծանուցումները փոստի բաժանմունքից դատարան են վերադարձել եւ, հաջորդ նիստի օրը նշանակելուց հետո, ժ.12:45-ին հեռացել նիստերի դահլիճից: Ի դեպ, հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 7-ին: Կարեւոր է նշել, որ դատավորի օգնականը չի արձանագրել մեր ներկայանալու փաստը, հրաժարվել է զանգահարել դատավորին եւ վերցնել մեր կողմից ներկայացված փաստաթղթերը՝ փորձագետների եզրակացության մեջ տեղ գտած անհամապատասխանությունների մասին, համարելով այդ գործողությունները դատավարության կոպիտ խախտումներ: Այդ պատճառով նշված փաստաթղթերը մենք հանձնեցինք հաջորդ օրը՝ 28.09.2017 թ. Կենտրոն եւ Նորք -Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակ, որպեսզի դատարանը հնարավորություն ունենա ծանոթանալու դրանց մինչ հաջորդ նիստը: Այդ կապակցությամբ հարց է ծագում. եթե այդ գործով պատասխանող Շուշանիկ Բինգոլցյանը, չստանալով փոստի միջոցով ուղարկված ծանուցագիրը, կարող էր տեղեկացվել datalex.am կայքի միջոցով 27.09.2017թ. ժ. 12:30-ին նշանակված նիստի մասին եւ չնայած իր ծանր առողջական վիճակին, ներկայանալ դատարան, ապա ինչո՞ւ հայցվորներ՝ Ա. Հովհաննիսյանը եւ Լ. Հարությունյանը տեղեկացման շատ ավելի լայն հնարավորություններ ունենալով, տարիներ շարունակ իրենց հույսը դնում են փոստատարի վրա: Դա հիմք է տալիս մեզ պնդելու, որ հայցվորները, սիստեմատիկաբար չներկայանալով դատարան, ի ցույց են դնում դատարանի հանդեպ հարգանքի ի սպառ բացակայությունը եւ դիտարկում են այդ հեղինակավոր ատյանը որպես մի հնազանդ գործիք՝ իրենց անգութ նպատակին հասնելու համար: Ի դեպ, datalex.am կայքում նշված չի 08.06.2017թ., 23.08.2017թ. եւ 27.09.2017թ., ինչպես եւ մի շարք այլ նիստերի մասին, որոնցում պետք է քննվեին այս գործի բոլոր հանգամանքները, չեն կայացել: Բացի դրանից, այնտեղ 2015թ. դեպքերը բոլորովին անտրամաբանական եւ ժամանակացույցին չհամապատասխանող ձեւով տեղադրված են 2016 եւ 2017 թվականների դեպքերից հետո: Դա պարզապես անփութություն է, թե՝ նույնիսկ հոգեբանական ճնշում գործադրելու եւս մի փորձ՝ մեզ հայտնի չէ, սակայն առաջին հայացքից ամեն մեկը, որ ծանոթ չէ գործի ընթացքին, կարող է եզրակացնել, որ այս գործն ավարտվել է արդեն 2015 թ. եւ նույն տարում անցել է նաեւ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններով, սակայն դա ամենեւին այդպես չէ:

Նկատի առնելով, որ 5 տարվա ընթացքում փորձաքննությունը համոզիչ կերպով չի հիմնավորել Շուշանիկ Բինգոլցյանի մեղքը ԵԿԴ/1947/02/12 գործով հայցվորներին պատճառած նյութական վնասի կամ նրանց սեփականության իրավունքի խախտումների մասին, Շ. Բինգոլցյանի տարիքը, նրա միայնակ թոշակառուի կարգավիճակը եւ այն հանգամանքը, որ նրա սեփականության իրավունքը բազում անգամ խախտվել է Ա. Հովհաննիսյանի եւ Լ. Հարությունյանի կողմից, հանել Շ. Բինգոլցյանի վերջիններիս հայցով ներկայացված մեղադրանքը եւ նրա սեփականության վրա դրված արգելանքը՝ մինչ նոր փորձաքննության արդյունքների հրապարակումը: Դա թույլ կտա դուրս բերել տարեց կնոջը հինգ տարի տեւող անընդմեջ սթրեսից, կապված այս անհիմն դատական պրոցեսի հետ եւ հույս կներշնչի առ այն, որ արդի Հայաստանում արդարադատությունը, այնուամենայնիվ, հնարավոր է:

 

Շ. ԲԻՆԳՈԼՑՅԱՆ
Ն. ԲԱԴԱԼՅԱՆ

«Առավոտ»

03.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031