Վերջին շրջանում քննարկվող թեմաներից մեկը Կինոյի մասին օրենքի նախագիծն է, որը տարակարծությունների տեղիք է տվել: Ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը «Առավոտի» հետ զրույցում խոսելով Կինոյի մասին օրենքի նախագծից` ասաց, որ դրական միտում կարելի է համարել այն, որ օրենքը վերջապես հասել է ինչ-ինչ հանգրվանի եւ քննարկման է դրվել. «Կառավարությունը կինոօրենքը վերջապես դրել է մասնագետների եւ հանրության քննարկմանը, ինչը երկար տարիներ տեղի չէր ունենում: Սա դրական քայլ է, շահագրգռություն կա կինոյի վերաբերյալ օրենք ունենալու: Բոլոր կողմերի հետ ինչ-ինչ շփումներ ունեմ, բողոքները գիտեմ, ի պաշտպանություն ասված խոսքերը` նույնպես, ինքս էլ շատ մեծ անհանգստություն ունեմ մի շարք պարամետրերով:
Համապատասխան կայքում օրենքը «կախված» է, որտեղ կարող ես դիտարկումներ անել, սակայն մշակույթի նախարարությունն էլ մի քանի օր առաջ ասում էր, որ այդ կայքում հին տարբերակն է տեղադրված, եւ առաջարկներն ուղարկեք մշակույթի նախարարության կայքում դրած նոր տարբերակին: Իսկ ինչո՞ւ է այդպես, եւ ինչո՞ւ հնարավոր չէ նույն միջանցքներով կամ կառավարական խողովակներով օրենքը փոխել, չէ՞ որ մարդիկ այդ նախագիծը կարդում են, ոգեւորվում կամ վրդովվում են, բայց վրդովվում են սխալ տարբերակով: Ես ինքս էլ այնտեղ դրել եմ առաջարկներ, մոտ չորս կամ հինգ ժամ ժամանակ եմ ծախսել մտածելու, կարդալու, վերլուծելու համար, հիմա նույնը մյուս կայքում պետք է անեմ, սակայն ժամանակ չունեմ: Այնպես որ` կուզենամ երկու տարբերակներն էլ քննարկվեն…»:
Ռեժիսորը փաստում է, որ 90-ականներին, երբ ինքը մշակույթի նախարարության կինոարվեստի վարչության պետն էր, դեռ իր պաշտոնավարումից առաջ Կինոյի մասին օրենքը շրջանառվել է, սակայն ոչ մի անգամ Ազգային Ժողովի կուլուարներ հասնելուց եւ վերադառնալուց բացի, այլ տարբերակ չի ունեցել: «Օրենքն անգամ միջակ տարբերակներում ունեցել է շատ լավ կետեր, սակայն նախկին օրենքի նախագծերը լրջորեն քննարկման չեն դրվել: Այժմ մենք ունենք նոր օրենք, որտեղ հիմնական բողոքողները վերաբերում են կինոհանձնախմբին, կինոհանձնակատարին, այսինքն՝ դրսից ֆինանսավորում բերելուն: Հայաստանում կինո նկարելու հնարավորություն է ստեղծվում: Ներսի կինոարտադրողի իրավունքը ապահովելու մրցակցության, ֆինանսավորման, «ազգային կինո» հասկացության, 10-90 կամ մինչեւ 100% պետական աջակցությամբ ֆիլմ նկարելու միջազգային համագործակցությամբ կառույցների հետ աշխատանքի վերաբերյալ բոլորը թերացումներ են տեսնում: Այդ առումով ես եւս իմ առաջարկները ներկայացրել եմ: Իմ կարծիքով, ամեն դեպքում, դրական է, որ նախագիծը քննարկվում է, թեկուզ քննադատվում է: Արդեն ինքնին գոյության փաստը ողջունելի է: Հիմա հանուն մշակույթի եւ Հայաստանի կինոարվեստի ապագայի եւ հանուն մեր ունեցած հաջողակ կինոնմուշների, կոչ եմ անում, որ լրջորեն ընկալվեն բոլոր կողմերի առաջարկները, բոլոր դիտարկումները, ու չստացվի, որ հերթական անգամ Կինոյի մասին օրենքի նախագիծը կամ տապալվի եւ չհասնի տեղ, կամ հերթական անգամ մոռացվելով եւ ուրիշ առաջնահերթությունների առաջ ընկրկելով, հաղթի մի նախագիծ, որը օրենքի լիքը թերացումներ է ունենալու, հարուցելու է հանրության բողոքը եւ ընդվզումը, տեղի չի ունենալու դիալոգը` հանուն մշակույթի, մտավորականության, կինոարտադրողների ու պետության: Մենք շատ մեծ ռիսկերի առաջ ենք կանգնած, մեծ մարտահրավերներ ունենք: Մշակույթի մարտավարության բացակայության եւ ռազմավարության չընկալումը ազգային անվտանգության խնդիր է»,-ասում է մեր զրուցակիցը:
Դավիթ Մաթեւոսյանը Վրաստանի օրինակն է բերում. «Մեր հարեւան Վրաստանը եվրոպացի եւ վրացի վերապատրաստված մասնագետների ճիգերով ու ջանքերով, եվրոպացիների խորհրդատվությամբ ձեւավորել է կինոօրենք, կինոհամակարգ, որը Վրաստանում տեղի ունեցած վերջին տասնամյակի ռեֆորմների ընթացքում կենսունակ է դարձել, ու Վրաստանում գոնե արտադրական ու տեխնիկական առումով կինոյի բում կա: Կինոն Վրաստանում երեւույթ է դարձել, ակտիվ կյանքի մեջ է, մասնագետներ են վերապատրաստվում, ֆիլմեր են նկարահանվում, ֆինանսավորվում…»: Ինչ վերաբերում է Հայաստանին, ռեժիսորը հավելում է. «2008 թվականից բազմաթիվ նախագծեր, այդ թվում` հաջողության հասած, մշակույթի նախարարության, կինոկենտրոնի հետ քննարկել են, ներկայացրել են եւ անհայտ ճակատագրերով ոչնչացել են, մնացել են դարակներում: Ես համարում եմ, որ չի կարելի այսպես շարունակել, հընթացս մենք գոնե կինոնախագծերի քննարկման, դրանց հաղթելու կամ պարտվելու մարտահրավերը պետք է ընդունենք, եւ այսօր թափանցիկ դարձնենք այդ պրոցեսը: Մեր նոր կինոկենտրոնի առաջին քայլերից մեկը պետք է լինի ներկայացված նախագծերի թափանցիկությունը»:
Դավիթ Մաթեւոսյանը դեբյուտներին էլ անդրադարձավ. «Եթե ժամանակին Սերգեյ Փարաջանովին հնարավորություն տրված չլիներ միջին կարգի հինգ ֆիլմ նկարահանել, Փարաջանովը մեծ դժվարություն կունենար կայանալու իր «Մոռացված նախնիների ստվերները», «Նռան գույնը», «Աշուղ Ղարիբը», «Հակոբ Հովնաթանյան» եւ այլ ֆիլմերով: Ես չեմ ասում հենց հինգ ֆիլմ, բայց անընդհատ շրջանառվում է մեկ կամ երկու կարճամետրաժ դեբյուտ, մեկ կամ երկու լիամետրաժ դեբյուտ, 100%-անոց ազգային ֆինանսովորմամբ կամ գոնե զգալի չափով ազգային ֆինանսավորմամբ, որովհետեւ երբ միջազգային հանրությանը անհայտ մեկը` մի Դավիթ Մաթեւոսյան, մի Հարություն Խաչատրյան, մի Արամ Շահբազյան կամ մեկ ուրիշը, կանգնում է միջազգային հանրության առաջ, նրան ասում են` մեջքիդ ո՞վ է կանգնած, ո՞ւր է քո ազգային կինոկենտրոնի երաշխավորագիրը: Իմիջիայլոց, պրոդյուսերը չափորոշիչ չէ, եթե հետեւում պետություն կա: Եթե այդ ռեժիսորը պորտֆոլիո է ներկայացնուն, ինքը գոնե պետք է մեկ-երկու ֆիլմ իր պորտֆոլիոյում ունենա, որպեսզի հասկանան, որ այս մարդու հետեւում երկիր կա կանգնած: Թե չէ ամբողջ սերունդներ ծնվում են, ստանում են կրթություն, տառապում են կինոյով եւ տապալվում են, շատերն էլ հեռանում են Հայաստանից, քանի որ այս պրոցեսը ապահովված չէ: Եվ ապահովված չէ մրցույթի թափանցիկությունը…Հանուն ինչի՞, հասկանալի չէ, եւ ապահովված չէ դեբյուտների խնդիրը: Այս ամենը հրամայականներ են, որ այսօր կինոօրենքով պետք է լուծվեն»: Ռեժիսորը ողջունելի է համարում կինոհանձնակատարի գոյությունը Հայաստանում, ասում է` դա միարժեքորեն օգնելու է, որպեսզի դրամական հոսքեր եւ պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման երեւույթներ լինեն Հայաստանում:
«Այսօր նախագծին դեմ են արտահայտվում մարդիկ, որոնք տարիների կռիվ են տվել օրենք ունենալու համար։ Ինչո՞ւ, որովհետեւ նախագծում կինոյի կարգավիճակի եւ կատարվելիք քայլերի օրենսդրական ապահովումը հավասարակշռված ու համապարփակ չեն համարում եւ… տարիներով կինոյի գումարներին որպես մակաբույծ տիրած «կինոէլիտայի» գորշության հետ նույն ճամբարում են հայտնվում, քանի որ գորշությունը նենգ է եւ չի հեռանում իր կամքով, այլեւ այսօր իբր ջատագովն է ռեֆորմների, բայց դեմ է օրենքի այս նախագծին։ Կառավարության, մշակութի նախարարության եւ Ազգային կինոկենտրոնի հրատապ գործը պիտի լինի առաջադեմ, առողջ այդ ներուժը գորշից ֆիլտրելը։ Հանուն կինոյի ու մշակույթի համագործակցությունը այդ ներուժի հետ պիտի վաղուց արդեն հենց Կինոյի մասին օրենքի մասին նրանց առարկությունների ու առաջարկների քննարկմամբ, դրանք հաշվի առնելով լիներ սկսված։ Թե չէ՝ կազուս է, զավեշտալի է՝ կինոյում փոփոխություն երազածները հակառակորդն են դարձել այդ փոփոխության»,-ընդգծում է Դավիթ Մաթեւոսյանը։
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
03.10.2017