Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր են համերգի «մեղավորները»

Հոկտեմբեր 04,2017 13:00

Ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանն ու դաշնակահար Հայկ Մելիքյանը Էդուարդ Թոփչյանի ու Ալեքսանդր Չաուշյանի անուններն են տալիս

«Առավոտին» հետաքրքրեց 11-րդ երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 16-ին կայանալիք «20-րդ դարի կոմպոզիտորներ» կամերային երաժշտության համերգը՝ ճանաչված արվեստագետներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ, ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանի եւ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մասնակցությամբ: Համերգային ծրագրում տեղ գտած սոլո կատարումներից բացի, երաժիշտները հանդես կգան մեզանում ոչ հաճախ կատարվող Պրոկոֆեւի թիվ 2, Դեբյուսիի սոնատների եւ Շոստակովիչի 4 պրելյուդի մեկնաբանմամբ: Վերջինս գրված է եղել դաշնամուրի համար, իսկ փոխադրումը՝ ջութակի եւ դաշնամուրի, կատարել է անվանի ջութակահար Դմիտրի Ցիգանովը: Ի դեպ, սա հայ երաժիշտների առաջին համագործակցությունն է:

Մեզ հետ զույցներում հյուրախաղորդ արվեստագետները մշտապես իրենց սոլո կարիերայից բացի, կարեւորել են կամերային գործունեությունը, հատկապես սոնատների կատարումը, որտեղ երկու կատարողներն էլ սոլիստներ են: Բացատրել են, որ կամերային երաժշտությանը բնորոշ է արտահայտչամիջոցների նուրբ մանրամասնումը, ավելին՝ այն տիրապետում է քնարական հույզեր, հոգեկան վիճակների նրբին փոփոխություններ հաղորդելու մեծ հնարավորությունների:

Անուշ Նիկողոսյանն ասաց, որ որպես կամերային երաժիշտ, բազմիցս մասնակցել է փառատոների եւ համագործակցել այնպիսի հանրահայտ արվեստագետների հետ, ինչպիսիք են Ջուլիա Ֆիշերը, Քիմ Քաշքաշյանը, Լայֆ Օվե Անդսնեսը, Պավել Վերնիկովը, Սերգեյ Կռիլովը, Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին, Ռադովան Վլադկովիչը եւ այլք:

Հայկ Մելիքյանն էլ հիշեցրեց, որ 2009թ. ինքը հիմնել է «1900+» համերգաշարը՝ նվիրված 20-րդ դարի եւ ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտությանը: Մանրամասնելով էլ ասաց, որ այդ համերգաշարում ընդգրկված են տարբեր ազգերի կոմպոզիտորների երկեր՝ գրված 1900 թվականից հետո: Դաշնակահարը տարբեր երկրներում վարում է ժամանակակից երաժշտության վարպետության դասեր ու բազմաթիվ փառատոների հրավիրյալ երաժիշտ է: Դիտարկմանը, թե շուրջ 15 տարի առաջ Հռոմում կայացած «Premio Valentino Bucchi» 20-րդ դ. եւ ժամանակակից երաժշտության միջազգային մրցույթի դափնեկիր դառնալուց հետո ժամանակակից արվեստը զբաղեցրել է նրա նվագացանկի գերակշիռ չափաբաժինը, մեր զրուցակիցը փաստեց, որ համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածման համար 2012թ. Մոսկվայի Կոմպոզիտորների տունն իրեն շնորհել է ոսկե մեդալ: Կամերային ստեղծագործությունների կատարման մասով Հայկ Մելիքյանն առանձնացրեց իր համագործակցությունը թավջութակահար Լեւոն Մուրադյանի, շվեդ ջութակահար Հյուգո Տիչիատիի եւ այլոց հետ: Տեղեկացրեց, որ վերջերս է վերադարձել Կիեւում անցկացված GogolFest ժամանակակից արվեստի միջազգային փառատոնից:

Անուշ Նիկողոսյանի երկացանկում էլ մեծ տեղ են գրավում ժամանակակից կոմպոզիտորների գործերը՝ Մանսուրյան, Երկանյան, Պենդերեցկի, Չաուշյան, Դոթ եւ այլն: «Մեծ սեր ունեմ դեպի ժամանակակից արվեստը… Դաշնակահար Վահագն Պապյանի հետ արդեն ծրագրել ենք 2018թ. հանդես գալ Բաբաջանյանի սոնատի մեկնաբանմամբ»,- նշեց ջութակահարուհին:

Մի շարք հեղինակավոր նվագախմբերի եւ անվանի դիրիժորների հետ հանդես եկած հայ երաժիշտներից, այնուամենայնիվ, հետաքրքրվեցինք՝ ո՞վ է իրենց առաջին համատեղ համերգի «մեղավորը»: Անուշ Նիկողոսյանն ու Հայկ Մելիքյանը միաբերան պատասխանեցին, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մտահղացումն է 11-րդ երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում նման համերգի իրականացումը, իսկ ավելի կոնկրետ՝ փառատոնի գեղարվեստական ղեկավարներ Էդուարդ Թոփչյանն ու Ալքեսանդր Չաուշյանը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

03.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել