Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքի տոնավաճառում ասեղ գցելու տեղ չկար․ գյումրեցիների մեծ մասը աշխատանք է փնտրում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հոկտեմբեր 03,2017 21:11

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ կազմակերպվել էր թվով 10-րդ տոնավաճառը։ Տոնավաճառին մասնակցում էին 30 գործատուներ տարբեր ոլորտներից, աշխատանքի առաջարկ ունեին ինչպես տեքստիլագործությամբ զբաղվող ձեռնարկությունները, այնպես էլ լրատվամիջոցները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, համատիրությունները, ապահովագրական ընկերությունները, շինարարական կազմակերպությունները, նույնիսկ Սամվել Բալասանյանին պատկանող «Գյումրի գարեջուր» ՍՊԸ-ն։

Տոնավաճառի պաշտոնական բացումը դեռ չմեկնարկած՝ թատրոնի երկու հարկերում էլ ասեղ գցելու տեղ չկար․ աշխատանք փնտրողներն այնքան շատ էին, որ շարժվելն անգամ անհնար էր։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Շիրակի մարզում 2017 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 16․3 հազար մարդ, ընդ որում մարզում բարձր է կանանց գործազրկության թիվը։ Իսկ Գյումրի քաղաքում, այդ նույն ժամանակահատվածի տվյալներով, աշխատանք փնտրողների թիվը կազմում է 13 937 անձ, գործազուրկների թվաքանակը՝ 11509։

Այսօր շուրջ 800 թափուր աշխատատեղ էր ներկայացվում, որից 180-ն արդեն իսկ ռեալ գոյություն ունեն, իսկ 620-ը՝ սպասվելիք աշխատատեղեր են։ Օրինակ՝ «Սաստեքս» կարի գործարանը, որը կառուցվում է սփյուռքահայ գործարարի կողմից, դեռևս չի բացվել, սակայն այս ընկերության ներկայացուցիչներն աշխատակիցների են հայտագրում։

Ինչևէ, մեր զրուցակիցների մեջ եղան մարդիկ, որոնք պնդում էին, թե գործատուները տարեց մարդկանց աշխատանք չեն տալիս՝ անկախ այն բանից մասնագետ ես, թե ոչ։ «Ես կարող բանվոր եմ, ես 14 տարի Ռուսաստանում էի աշխատում, շատ նորմալ վճարում էին, մայրս հիվանդ է, ստիպված վերադարձել եմ Հայաստան, բայց ուր դիմել եմ, չեն վերցրել աշխատանքի։ Որ չգնանք ռուսաստաններում աշխատելու, չի՞ լինի, գործատուները սրա մասին էլ պիտի մտածեն, վերջը ապրելու եմ, չէ՞», -ասաց Նունե Ասատրյանը։ Գործատուների սահմանած տարիքային սահմանափակումից նեղվում էր նաև Հասմիկ Խաչատրյանը, ըստ նրա, 40 տարեկանն արդեն պետք չէ գործատուին, լեզուների, համակարգչի իմացությամբ աշխատողներ են փնտրում։ Մեր զրուցակիցը, սակայն այս հարցում միայն գործատուին չի մեղադրում, ըստ նրա, գյումրեցի կանայք այնքան հոգսաշատ են, որ ժամանակ չեն գտնում ինքնակրթվելու, զարգանալու:

Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանն էլ իր ելույթում ասաց, թե լավ աշխատանքը սկսվում է ցածր աշխատավարձից, երբեք ոչ մի գործատու անփորձ աշխատողին բարձր աշխատավարձ չի տալիս։ Իսկ լրագրողների հետ զրույցում պարոն Մանգասարյանը նշեց, որ զբաղվածության գործակալությունում հաշվառվածների քանակն անցած տարվա հետ համեմատ այս տարի 6000-ով կրճատվել է, իսկ անցած տարի զբաղվածության պետական ծրագրերի միջոցով 17 հազար հոգի ստացել են ժամանակավոր կամ սեզոնային աշխատանք։ Իսկ գործատուների կողմից երիտասարդ կադրերին աշխատանքի ընդունելու հետ կապված, պաշտոնյան պարզաբանեց, որ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում գործատուն ուզում է ավելի երիտասարդ, ավելի աշխատունակ կադրեր, ցածր ռեսուրսներով ստանալ առավելագույն շահույթ։ Դա, ըստ նրա, գործատուի իրավունքն է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031