Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողներից մեկը հանցագործության ամբողջ մեղքն իր վրա վերցրեց

Հոկտեմբեր 03,2017 20:12

Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով դատաքննության ժամանակ այսօր հարցաքննվեց գործով ամբաստանյալ Արթուր Միհրանյանը:

Նրա պատմելով՝ հանցագործությունն ինքն է կատարել, իսկ գործով մյուս ամբաստանյալ Գեւորգ Զոհրաբյանը մասնակցություն չունի: Մեղադրող դատախազը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը՝ ասելով, որ էական հակասություններ կան նրա դատաքննական ու նախաքննական ցուցմունքների մեջ:

Դատարանը բավարարեց այս միջնորդությունը: Միհրանյանն իր նախաքննական ցուցմունքում Զոհրաբյանի մասնակցության մասին էր պատմել, դատավարության կողմերի հարցերին, թե ինչու է նախաքննության ցուցմունքում ասել, որ Զոհրաբյանը մասնակցել է, իսկ հիմա հերքում է, Միհրանյանը պատճառաբանեց, որ նախաքննության ողջ ընթացքում ոչ սթափ վիճակում է եղել: Ըստ նրա՝ նույնիսկ ներքին դիտման ժամանակ ալկոհոլ է օգտագործած եղել, դեպքին նախորդող օրերին էլ է ալկոհոլ օգտագործել, ճանապարհին էլ է խմել, ու ոչ սթափ վիճակում իրենից ցուցմունք են վերցրել, որի ժամանակ ինքը նկարագրել է Գեւորգ Զոհրաբյանի մասնակցությունը տվյալ հանցագործությանը:

Միհրանյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը Aravot.am-ին ասաց՝ գործով ապացույցներ են հետազոտվել, որտեղ երեւում է Գեւորգ Զոհրաբյանի մասնակցությունը. «Նա եղել է ե՛ւ դեպքի վայրում, ե՛ւ դեպքի ողջ ընթացքում հեռախոսների ալեհավաքներ հսկել են, հետո Կարեն Վարդանյանին տեղափոխած մեքենայի հարդարման աշխատանքների կատարման ժամանակ, երբ դիմել են արհեստավորի, նրանք միասին են եղել: Կան փաստեր, որոնք Զոհրաբյանի մասնակցությունը հաստատում են, թե դատարանը դրանց ինչ գնահատական կտա, դատավճռով կտեսնենք»:

Թե ինչու իր պաշտպանյալը՝ Արթուր Միհրանյանը, այսօր դատարանում ամբողջ մեղքն իր վրա վերցրեց, փաստաբանը չցանկացավ գնահատական տալ, միայն ասաց. «Նա է որոշում՝ ինչ ցուցմունք տալ, ինչպես փոխել իր ցուցմունքները, բայց, այո՛, ստացվում է այնպես, որ նա այսօր իր նախաքննական ցուցմունքներին տրամագծորեն հակասող ցուցմունք տվեց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031