Կառավարությունը 3900 եվրոյին համարժեք դրամ կհատկացնի «GALA TV»-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով: Այս մասին որոշման նախագիծը ներառված է հոկտեմբերի 5-ի կառավարության նիստի օրակարգում:
«ՉԱՊ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռը հրապարակվել էր այս տարվա մայիսին, որով ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է վճարել 3900 եվրո որպես արդարացի փոխհատուցում:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «ՉԱՊ ՍՊԸ-ն (GALA TV) ընդդեմ Հայաստանի» գործով վճռով որոշել է՝ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերի խախտում (արդար դատաքննության եւ վկաների հարցաքննության իրավունքներ):
Վճռում նշված է, որ «ՉԱՊ ՍՊԸ»-ն ստեղծել է «Gala TV» հեռուստաընկերությունը, որը հեռարձակվում է Գյումրիում։ 2007-ին հարկային ստուգումներից հետո, ընկերությունը մեղադրվեց հարկերից խուսափելու համար՝ գովազդներից ստացած եկամուտները թաքցրել է։ Այն ժամանակ ընկերությունից պահանջվել էր վճարել 51 հազար եվրո։ Մեղադրանքների համար հիմք էին հանդիսացել հեռուստատեսության եւ ռադիոյի հանրային հանձնաժողովի փաստաթղթերի եւ «GALA TV»-ում գովազդ տեղադրած գործարարի հայտարարությունները:
Հետո գումարը չվճարելու համար հարկային մարմինները դիմել էին դատարան։ Դատական գործընթացում ընկերության փաստաբանը վիճարկել է հարկերից խուսափելու պնդումներն ու խնդրել ցուցմունք տալու հրավիրել ՀՌԱՀ-ի նախագահին ու գործարարին՝ նրանց տրամադրած տեղեկությունները հաստատելու համար, սակայն առաջարկները մերժվել է վարչական դատարանի կողմից։
Դատարանը 2008-ին բավարարել է հարկային մարմինների բողոքը, եւ որոշել, որ ընկերությունից պետք է գանձվի 50 հազար եվրո։ «ՉԱՊ» ՍՊԸ-ի բողոքը Վերաքննիչ դատարանը մերժել էր: Սպառելով ներպետական դատական ատյաններ դիմելու հնարավորությունները «ՉԱՊ ՍՊԸ»-ն դիմել էր ՄԻԵԴ 2009-ի մարտին: ՄԻԵԴ-ը հօգուտ «ՉԱՊ»-ի վճիռն այս տարի է կայացրել: Ըստ այդ, ՀՀ կառավարությունը «ՉԱՊ ՍՊԸ»-ին պետք է վճարի ընդհանուր առմամբ 3900 եվրո, որից 2400 եվրոն՝ պատճառված ոչ նյութական վնասի, իսկ 1500 եվրոն այլ ծախսերի համար։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ