Նախկինում հայտնել ենք, որ Տավուշի մարզում մալարիա եւ տուլարեմիա հիվանդությամբ հիվանդության դեպքեր են եղել: ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փոխանցողով պայմանավորված եւ մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանն ասաց, որ Դիլիջանում Լայմի հիվանդությունով հիվանդանալու դեպքեր են եղել: Այդ հիվանդությունը տարածում են անտառային տզերը:
Lեյշմանիոզ հիվանդությամբ հիվանդանալու Հայաստանում ամենամեծ թվով դեպքերը Տավուշի մարզում են: Այս տարի նման դեպք է հայտնաբերվել Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան գյուղում:
Լեյշմանիոզի դեպքեր են եղել նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշեն եւ Իջեւան քաղաքին հարակից Գետահովիտ գյուղերում: Լեյշմանիոզով հիվանդ երեխաներ են հայտնաբերվել, որոնք բուժվել են: Այդ հիվանդությունն ավելի տարածված է երեխաների, իմունային թույլ համակարգ ունեցող անձանց շրջանում:
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը համագործակցում է բժիշկների, նաեւ անասնաբուժական ծառայության հետ, քանզի լեյշմանիոզի հարուցիչը հայտնաբերվում է շների մեջ: Լեյշմանիոզի վարակի աղբյուրը շունն է, սակայն շունը անմիջական վտանգ չի ներկայացնում: Մլակը կծում է հիվանդ շանը,մլակի օրգանիզմում վարակի հարուցիչը որոշակի փուլեր է անցնում, այնուհետեւ մլակը խայթելով մարդկանց՝ վարակում է: Մլակները բազմանում են օրգանական աղբի կուտակումներոմ: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը համագործակցում է Տավուշի մարզի համայնքների ղեկավարների հետ, որպեսզի նրանք թույլ չտան օրգանական աղբի կուտակումներ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ