Վրաստանի Գումբուրդո գյուղի բնակիչների, այդ թվում՝ ազգությամբ հայերի և Վրաստանի ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անհապաղ նախաձեռնվել է ուսումնասիրության ընթացակարգ:
Միջադեպի առնչությամբ բոլոր զարգացումները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուշադրության կենտրոնում՝ օրենքով ընձեռված իրավասությունների շրջանակում։
Միջադեպի առաջին իսկ օրից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել Վրաստանի hանրային պաշտպանի աշխատակազմի հետ: Արման Թաթոյանն անձամբ հարցը մի քանի անգամ քննարկել է վրաց պաշտոնակից Ուչա Նանուաշվիլիի հետ, ինչպես նաև հարցը բարձրացվել է գրավոր հաղորդակցությամբ։
Վրաստանի հանրային պաշտպանի աշխատակազմում միջադեպի առնչությամբ նախաձեռնված է քննարկման ընթացակարգ: Ըստ Ուչա Նանուաշվիլիի՝ իր իրավասության շրջանակում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները:
Վրաստանի hանրային պաշտպանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ իր աշխատակազմում հատուկ ուշադրություն է դարձվելու ազգությամբ հայերի դիմումների քննարկմանը: Միջադեպի մասնակից անձանց՝ Հայաստանում գտնվող ազգականները կարող են դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ համապատասխան տեղեկություններ ճշգրտելու նպատակով:
Արման Թաթոյանի և Ուչա Նանուաշվիլիի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների աշխատակազմերի միջև տեղեկություններ պարբերաբար փոխանակելու վերաբերյալ։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ