Երեկ երեկոյան Արթիկի մշակույթի պալատում տեղի ունեցավ «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգային երեկոն, որի ժամանակ հնչեցին Եղիշե Չարենցի ու Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա գրված մանսուրյանական ստեղծագործությունները։ Համերգի պրոդյուսերը՝ Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն էր, իսկ գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Ռոբերտ Մլքեյանն էր (մասնակցում էր Հայաստանի պետական կամերային երգչախումբը)։
Համերգ-երեկոն տևեց մոտ երկու ժամ, այս ընթացքում արթիկցիները քար լռությամբ ունկնդրում էին դասական կատարումները, երբեմն սակայն մասնակցում Գյումրու դրամատիկական թատրոնի դերասան Տիգրան Գաբոյանի ասմունքին։
Մինչ համերգի սկսվելը, Արթիկի ավագանու որոշմամբ մշակույթի կենտրոնը անվանակոչեցին ի պատիվ կոմպոզիտորի։
Տիգրան Մանսուրյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Հավատալս չի գալիս, մարդ այսպիսի կյանքի ճանապարհ անցնի, մի օր էլ գա, էս օրվա հետ հանդիպի․ քո անունով կոչվի մշակույթի պալատը։ Ես այստեղ ակումբն էի մտնում ժամանակին, Գերմանիայից բերված դաշնամուր կար, միակ գործիքն էր, միակ դաշնամուրն էր, ես էստեղից սկսեցի կապը երաժշտության հետ։ Շատ լավ մանկություն եմ ապրել, շատ լավ, դժվար, բայց արժանավայել, ընկերություններով լեցուն, սերերով լեցուն։ Գիտեք ինձ բոլոր արթիկցիները հավատում էին, որ ես մեկը պիտի դառնամ, որը․․․Հավատ կար այդպիսի, միակ բանը, որ կարող եմ ենթադրել, ընթերցասեր էի։ Ես ամբողջ օրը գրքեր էի կարդում, ամբողջ օրը գրադարանում էի, բայց, երբ որ դաշնամուրը եղավ, երկու մասի կիսվեցի՝ գրադարան՝ գրքերի աշխարհ և դաշնամուր ակումբում»,- պատմեց Տիգրան Մանսուրյանը։
Նա հիշում է, որ առաջին անգամ ձյուն տեսել է Արթիկում։ «Ես որ ծնվել էի Բեյրութի տաք ափին, ձյուն չէի տեսել, մենք եկանք էստեղ, ես կարճ շալվարով էի, այնքան տարօրինակություններ կային, բայց էն մարդկայնությունը հասնելու, օգնելու, ցավը իրենց վերցնելու պատրաստակամությունը․․․»։
Տիգրան Մանսուրյանն ասում է, որ իբրև հայաստանցի՝ ինքն արթիկցի եմ, որպես հայ, ամեն տեղի հայ է՝ և Սփուռքի, և Հայաստանի, և Արթիկի։ Նա նաև նշում է, որ ինքը հայոց լեզվի երաժիշտ զավակն է և իր ամենամեծ ուսուցիչը Կոմիտասն է։
Համերգի ավարտից հետո, երբ կոմպոզիտորին բեմ հրավիրեցին ու շնորհեցին Արթիկի պատվավոր քաղաքացի, Տիգրան Մանսուրյանը կիսվեց իր զգացողություններով։ Նա ասաց, որ շատ է կարոտում Արթիկը։ «Ես մշտապես ապրել եմ այն իրականությունը, որ ստացել եմ Արթիկից, սարերից, գարունը հրաշալի ծաղիկներ էին բացվում, սինձ էր ծաղկում, Ալագյազը էն կողմից երեկոյան էնպիսի անուշ բուրմունք էր բերում աննման։ Ես որ գալիս եմ Արթիկ, պատահել է երեկոյի օդը մտել է իմ մեջ, ասել եմ՝ այ մարդ, էս ո՞ւր եմ եկել, ոչ տուն կա, ո՛չ մայրս կա, ո՛չ հայրս կա այստեղ, կարոտում են անչափ»։
Համերգ-երեկոյի վերջում Տիգրան Մանսուրյանը արթիկցիներին համար կատարեց «Կտոր մը երկինք» ֆիլմի համար գրած իր երաժշտությունը։ «Բռավո», անդադար բացականչում էին դահլիճից, հանդիսատեսը մեծ դժվարությամբ բաժանվեց նրանից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ