Ղարաբաղյան հակամարտությունը միակն է հետխորհրդային տարածությունում, որի հարցում Ռուսաստանն ու Արևմուտքը պատրաստ են գործել համատեղ, գրում է «Կարնեգի» կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը: Սա համագործակցության բացառիկ փորձ է՝ վեր գնալով խորացող հակասություններից: Իհարկե, Ղարաբաղում համագործակցությունը չի կարող ինքնին դադարեցնել բացասական միտումները Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում, բայց համագործակցությունը հանուն ընդհանուր, թող որ մարտավարական առաջադրանքներում, անխուսափելիորեն կբերի թարմ օդի ոչ մեծ չափաբաժին:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանում բանակցություններ տեղի ունեցան Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ: Ակնկալվում է, որ մինչև օրացուցային տարեվերջ հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, որի ընթացքում Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը կքննարկեն չլուծված հակամարտության ընթացիկ դինամիկան: Եվ չնայած դիվանագետները սպասվող գագաթնաժողովի մասին արտահայտվում են զգուշավոր լավատեսությամբ, բեկում ակնկալելու լուրջ հիմքեր չկան:
Լոկալ խնդիրներ
Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացը առաջին տարին չէ, որ ընթանում է: Այն բանից հետո, երբ 1994թ. մայիսին ուժի մեջ մտավ Կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը, հակամարտող կողմերին առաջարկվեցին փակուղուց դուրս գալու բազմաթիվ նախագծեր՝ սկսած Հայաստանի և Ադրբեջանի միջև «տարածքների փոխանակման» ծրագրից մինչև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի Հանրապետության միջև «ընդհանուր պետություն» ստեղծելու նախագծեր: Բաքուն և Երևանն ուսումնասիրել են նաև փաթեթային ծրագիր (բոլոր վիճելի հարցերի միասնական լուծում) և փուլային ծրագիր (խաղաղության գործընթացի բաժանում որոշակի փուլերի՝ ամրապնդված իրավական պարտադրող փաստաթղթերով): Դրան գումարած այնպիսի էկզոտիկ առաջարկներ, ինչպիսիք են «Կովկասյան Բենիլյուքսի» ստեղծումը կամ Ղարաբաղի համար «Ալանդյան կղզիների մոդելի» (Ֆինլանդիայի տարածք՝ բնաճեցված շվեդներով) կիրառումը Ադրբեջանի կազմում:
Փաստացիորեն Բաքվին և Երևանին հաշտեցնելու կրեատիվ գաղափարների ամբողջ պաշարն արդեն սպառվել է: Եվ պետք էլ չէ ակնկալել ինչ-որ հրաշագործ լուծում, որը կարտահայտվի հակամարտող պետությունների ղեկավարների կամ դիվանագետ-միջնորդների դիվանագիտական խոհեմությամբ:
Բանակցությունների սեղանին, ըստ էության, քննարկվում է երկու առանցքային խնդիր: Առաջինը նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) կարգավիճակն է, որը խորհրդային տարիներին մտնում էր Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ, բայդ դե ֆակտո այն լքել էր դեռ նախքան ԽՍՀՄ անկումը: Երկրորդ խնդիրը ինքնավարությանը հարող 7 շրջանների ապաշրջափակումն է (5-ն ամբողջությամբ և 2-ը՝ մասնակի):
Դրանով հայ-ադրբեջանական հակամարտությունը տարբերվում է հետխորհրդային մյուս հակամարտություններից՝ Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի իրավիճակներից: Ղարաբաղի դեպքում խոսքը ոչ միայն ինչ-որ չճանաչված հանրապետության հնարավոր սեցեսիայի մասին է, այլև նրանում, որ հանուն սեփական անվտանգության այդ միավորումը (իսկ ԼՂԻՄ-ը խորհրդային տարիներին ընդհանուր սահման չուներ Հայկական ԽՍՀ-ի հետ) զբաղեցրել է հարակից տարածքները: Նկատենք, որ զբաղեցրել է ռազմական գործողությունների և ոչ բարեկամական «մայր պետության» կողմից կլանվելու ուղղակի վտանգի պայմաններում:
Լեռնային Ղարաբաղի ետևում կանգնած Հայաստանն այդ գործոնն օգտագործում է իր բանակցային դիրքերն ամրապնդելու համար: «Կարգավիճակ տարածքային զիջումների հաշվին» բանաձևը հայկական դիվանագիտության հիմնաքարային տարրերից է, այն դեպքում, երբ Բաքուն նախընտրում է խոսել «ադրբեջանական վաղեմի տարածքների օկուպացման» և երկրի «ամբողջականության վերականգնման» մասին:
Բացի այդ, ի տարբերություն այլ հետխորհրդային թեժ կետերի՝ Լեռնային Ղարաբաղում երբեք խաղաղապահներ չեն եղել (ո՛չ ռուսական, ո՛չ միջազգային), իսկ կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է Բաքվի և Երևանի տրամադրության տակ եղած ուժերի հավասարակշռության հաշվին:
Կարճ ասած, կարիք չկա խոսել այն մասին, որ հակամարտությունը սառեցված է: Անցյալ տարվա ռազմական սրացումը, որը ԶԼՄ-ներն անվանեցին «քառօրյա պատերազմ», դրա վառ ապացույցն է: Սակայն 2016թ. ապրիլի իրադարձությունները չպետք է ճանապարհից շեղեն: Այսօր «քառօրյա պատերազմի» տպավորության տակ ամբողջ նախորդ շրջանը սկսում են դիտարկել գրեթե խաղաղ շրջան, ինչն իրականում այդպես չէ: Անցյալ տարվա սրացումը միայն բարձրացրեց զինված հակամարտության նշաձողը, որը վեր էր բարձրանում առնվազն 2008թ. մարտից սկսած:
Այդպիսով, Ղարաբաղյան հակամարտությունն այժմ զարգանում է ճոճանակի սկզբունքով: Բանակցությունների փուլերը ուղեկցվում են հրադադարի խախտումներով: Կամ լայնածավալ, ինչպես «քառօրյա պատերազմի» դեպքում, կամ ավելի քիչ նշանակալից, ինչպես որ 2017թ. փետրվարին և հուլիսին:
Չմոռանանք նաև Ղարաբաղյան հակամարտության երկրորդ ճակատի մասին՝ բախումներ հայ-ադրբեջանական ուժերի միջև այդ պետությունների սահմանին՝ Ղարաբաղից դուրս, այսինքն այն սահմանի երկայնքով, որը չի դիտարկվում որպես վիճելի տարածք: Դրա օրինակն է Անդրկովկասի այդ հատվածում լարվածության աճը ամանորյա տոների ընթացքում:
Ի՞նչ է ստացվում: Բանակցությունները չեն ընթանում ըստ խնդրի էության: Ամեն անգամ՝ հերթական ռազմական տագնապից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կամ նախագահները հայտարարում են «բանակցությունների սեղանի շուրջ» վերադառնալու անհրաժեշտության մասին, իսկ դիվանագետ-միջնորդները խոսում են այն մասին, թե որքան կարևոր է փրկել խաղաղության գործընթացը: Բայց յուրաքանչյուր նոր փրկությունից հետո գալիս է նոր սրացում, և այդպես շարունակ: Գործնական փոխզիջումների քննարկման գործը չի հասնում:
Գլոբալ լուծում
Առաջին հայացքից ստացվում է փակուղային իրավիճակ, որից արժանի ելք չկա: Բայց չշտապենք եզրակացություններ անել, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաև դրա կարգավորման գործընթացը, ևս մեկ կարևոր առանձնահատկություն ունի:
Գրեթե բոլոր հետխորհրդային հակամարտությունները այս կամ այն չափով կարելի է նկարագրել որպես Ռուսաստանի և Արևմուտքի պրոքսիդիմադրություն: Միանգամից վերապահություն անենք. այդ ձևաչափը սահմանվել է ո՛չ ԽՍՀՄ փլուզման գործընթացում, և ո՛չ էլ հետխորհրդային առաջին տարիներին: Բայց այսօրվա դրությամբ այն իրականություն է՝ տրված մեր զգացողությանը: Վրաց-աբխազական և վրաց-օսական հակամարտությունում Մոսկվան երկու մասնակիորեն ընդունված հանրապետությունների երաշխավորն է, իսկ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն աջակցում են Վրաստանին և նրա «տարածքային ամբողջականությունը»: Աշխատանքի նույնպիսի բաժանում մենք տեսնում ենք Ուկրաինայի հարավ-արևելքում: Մերձդնեստրում իրավիճակն ավելի բարդ է. Մոսկվան համագործակցում է Արևմուտքի հետ բանակցային «5+2» ձևաչափով: Բայց այստեղ էլ կողմերն ունեն միանգամայն տարբեր հայացքներ Դնեստրի երկու ափերի ինտեգրման, և ամենագլխավորը՝ տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ներկայության հեռանկարների հարցում:
Եվ միայն Ղարաբաղյան հակամարտությունն է, որ երբեք ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Արևմուտքի կողմից չի որակավորվել որպես աշխարհաքաղաքական դիմակայության ֆրագմենտ: Անգամ 2008թ. օգոստոսին Հարավային Օսիայի և Աբխազիայի իրադարձություններից հետո ամերիկացի դիվանագետները ողջունում էին Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք այդ ժամանակ ավարտվեցին Մայենդորֆի հռչակագրի ստորագրմամբ. ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին փաստաթուղթը՝ ստորագրված և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի նախագահների կողմից:
ԱՄՆ-ը և ԵՄ-ը աջակցում էին և շարունակում են աջակցել, ընդունված բանակցային ձևաչափից (որտեղ իրապես միջնորդներ հանդես են գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան) բացի, եռակողմ գագաթնաժողովներին, որոնց ընթացքում դիրքորոշումներով են փոխանակվում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Այսօր Մինսկի խմբի անունից գրեթե բոլոր հայտարարություններում անցյալ տարի Վլադիմիր Պուտինի կողմից Սանկտ Պետերբուրգում նախաձեռնված գագաթնաժողովն անվանում են կարևոր քայլ խաղաղության բանակցությունների շարունակության համար: ԱՄՆ-ը և ԵՄ-ը ղարաբաղյան ուղղությամբ գործադրվող ռուսական ջանքերը դիտարկում են որպես փորձ՝ փոխելու սահմանները հետխորհրդային տարածությունում:
Միաժամանակ, ի տարբերություն նույն Աբխազիայի, Ղարաբաղի դեպքում հակամարտող երկու կողմերն էլ շահագրգռված են Ռուսաստանի միջնորդությամբ: Պուտինի, Ալիևի և Սարգսյանի միջև անձնական վստահության մակարդակը անհամեմատելի է անդրկովկասյան նախագահների՝ ցանկացած այլ պետության ղեկավարի հետ ունեցած կապերի հետ: Այդ ռեսուրսն ընդունում են ամերիկացի և եվրոպացի դիվանագետները՝ անգամ հանրային կերպով:
Հետևաբար զարմանալի չէ, որ ղարաբաղյան բանակցությունների համար հիմք են ծառայում այսպես կոչված բազային սկզբունքները: Ըստ էության, դրանք Երևանի և Բաքվի միջև ապագա փոխզիջման հիմնական թեզերն են, որոնք իրենցից ներկայացնում են փոխզիջում Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի միջև (վերջինս Մինսկի խմբում խաղում է ինքնատիպ ԵՄ կիսաներկայացուցչի դեր):
Կարելի է անվերջ ասել, որ այդ առաջարկները հում են: Իրականում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը դրանցում հիանալիորեն գոյակցում է «իրավականորեն պարտադրող հանրաքվեի» հետ: Պարզ չէ՝ ինչ բովանդակություն է դրվում «Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ» ձևակերպման տակ (կարևոր հարց է՝ ինչպես է այն իրականացվելու և արդյոք կճանաչվեն ընտրություններն այդ կազմավորման մեջ): Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի մասին հայտարարությունը նույնպես գործնականում կարող է հանդիպել տասնյակ համաձայնությունների՝ սկսած դրա երկարությունից մինչև լայնություն, ու նաև այդ հատվածի կարգավիճակը:
Բայց վերադառնալով հոդվածի սկզբին. բազային սկզբունքներում ուրվագծված է հնարավոր փոխզիջումների շրջանակը և կարգավորման առանցքային թեմաները: Եվ այստեղ Ռուսաստանն ու Արևմուտքը պատրաստ են համատեղ գործել: Սա գործնականում համագործակցության բացառիկ փորձ է՝ գնալով խորացող հակասությունների ֆոնին:
«Յուրաքանչյուր երկիր ունի սեփական ազգային քաղաքականությունը, բայց այդ քաղաքականությունը համաձայնեցվում է ԵԱՀԿ կուրսի հետ»,- հայտարարել է Ռիչարդ Հոգլանդը Մինսկի խմբի համանախագահի ամերիկացի ներկայացուցչի պաշտոնը լքելիս: Հայտարարություն, որը հնարավոր չէ պատկերացնել Աբխազիայի կամ Դոնբասի համատեքստում:
Ռուսաստանի և Արևմուտքի նման համագործակցությունը կտրուկ նվազեցնում է ռիսկերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ: Նման դասավորության դեպքում Բաքուն և Երևանը ստիպված են մանևրել՝ իրենց կործանիչները պահելով վտանգավոր հեռավորության վրա: Հակառակ դեպքում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ընտրության հնարավորություն նրանք չեն ունենա, ստիպված կլինեն դառնալ երկու երկրների թշնամիները, իսկ դա վտանգավոր է:
Իհարկե, Ղարաբաղյան այս բացառիկ օրինակի ետևում համակարգային համագործակցություն չկա: Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները լի են հակասություններով մի շարք հարցերով: Որպես արդյունք՝ կողմերի միջև չկա վստահություն, իսկ Մինսկի խմբի պրոֆեսիոնալ միջնորդները սահմանափակ հնարավորություն ունեն հակամարտող կողմերի վրա ճնշում գործադրելու հարցում: Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունը Ղարաբաղյան գործընթացի շրջանակներում Երևանին և Բաքվին մղում է ստուգել մոդերատոր-երկրների միասնականությունը:
Միաժամանակ հակամարտության սրացումը հղի է վտանգներով և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի համար: Սրացման դեպքում չի բացառվում, որ միայն Ղարաբաղով գործը չի ավարտվի, և ռազմական գործողությունները կարող են տեղափոխվել Հայաստանի տարածք: Մոսկվայի համար դա կստեղծի մի շարք տհաճ հարցեր՝ սկսած Բաքվի հետ հարաբերություններից մինչև եվրասիական ինտեգրացիոն նախագծերի ամբողջականություն, որի մասնակիցները հազիվ թե սոլիդար դիրքորոշում ունենան այդ հարցի շուրջ, ինչպես որ նախկինում եղել է Աբխազիայի կամ Ղրիմի դեպքում:
Արևմուտքի համար լայնածավալ զինված հակամարտությունը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան ռազմավարական խողովակաշարի անմիջական հարևանությամբ և Իրանի ու Թուրքիայի միջամտության ոչ պարզ հեռանկարներով նույնպես ամենապայծառ հեռանկարը չէ:
Դա նշանակում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի և Արևմուտքի համար համագործակցության լուրջ խթաններ է ստեղծում՝ առկա տարաձայնությունների ֆոնին:
Բնական է, որ Ռուսաստանը և Արևմուտքը չեն կարող շատ բան պահանջել Ղարաբաղյան հակամարտության կողմերից: Այսօր առաջին տեղում է ռազմական միջադեպերը նվազագույնին հասցնելու, նոր պատերազմի ռիսկերը նվազեցնելու խնդիրը: Եվ միայն հետո բանակցությունների անցկացում՝ իմիտացիոն ձևաչափից մինչև բովանդակային երկխոսություն՝ փոխզիջումների որոնումներով:
Հենց դրա վրա էլ, թվում է, պետք է կենտրոնացնել հիմնական ուշադրությունը՝ հիանալի հասկանալով, որ արագ բեկումներ ակնկալել պետք չէ: Լեռնային Ղարաբաղի գործընթացը կարող է դառնալ հաջողված մոդել, որը հետո կկիրառվի այլ հետխորհրդային հակամարտություններում, օրինակ, Դոնբասում: Բայց որպեսզի այդ մոդելն աշխատի, անհրաժեշտ է Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների ընդհանուր համատեքստի նվազագույն պրագմատիզացում:
Ղարաբաղյան կարգավորումը չի կարող ինքնին դառնալ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում բացասական միտումները կանգնեցնելու օջախ: Բայց հանուն ընդհանուր, թող որ մարտավարական առաջադրանքների, փոխգործակցության որակի բարձրացումը կարող է բերել մաքուր օդի ոչ մեծ չափաբաժին, եզրափակում է Մարկեդոնովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ