Մերձավոր Արեւելքում տեղի ունեցած հակամարտության հետեւանքով Հայաստանում ապաստան է գտել 22 հազար փախստական, սակայն նրանցից որեւէ մեկն այսօր չի բնակվում վրանում: Այսօր այս մասին ասաց սփյուռքի նախարարության ներկայացուցիչ Լեւոն Անտոնյանը` «Փախստականները եւ որակավորումների ճանաչումը» թեմայով սեմինարի ժամանակ:
Պարոն Անտոնյանն ասաց, որ մեր երկիրը Գերմանիայից եւ Շվեդիայից հետո ճանաչվել է 3-րդ պետությունը` փախստականներին ընդունած թվով` մեր ազգաբնակչության թվի հարաբերակցությամբ:
Չնայած Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին, Լեւոն Անտոնյանի խոսքով, մեր երկիրը մի շարք ծրագրեր է իրականացրել փախստականների ինտեգրման համար` լեզվի անվճար դասընթացներ կազմակերպել, առողջապահական անվճար ծառայություններ մատուցել, ուսանողների վարձավճարները փոխհատուցել, բնակարանների վարձերը վճարել եւ այլն: Սիրիահայ փախստականների երեխաները մանկապարտեզներ էլ արտահերթ են ընդունվում: Մինչդեռ, ըստ նրա, շատ երկրներում` մինչ օրս շատ անձինք դեռեւս վրաններում են ապրում:
Լեւոն Անտոնյանը խոսեց նաեւ սիրիահայ փախստականների խնդիրներից` նշելով, որ կրթությունը հավաստող ոչ լիարժեք փաստաթղթեր ունեն, բացի այդ, բարձր վարձատրության հարցը նրանց համար նույնպես խնդիր է:
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին փախստականների կրթական որակավորումների ճանաչման միջազգային մարտահրավերները եւ դրանք հաղթահարելու մոտեցումները: Ըստ Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Գայանե Հարությունյանի, ծրագիրը նպատակաուղղված է աջակցելու Եվրոպական տարածաշրջանում գործող ակադեմիական փոխճանաչման կենտրոններին` ճանաչելու փախստականների որակավորումները` նույնիսկ սահմանափակ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:
Փախստականների որակավորման անձնագիրը նախատեսված է այն դեպքերի համար, երբ ճանաչման համար ներկայացված փաստաթղթերը լիարժեք չեն կամ իսպառ բացակայում են: Ըստ դասընթացի կազմակերպիչների. «Փաստ է, որ ռազմաքաղաքական ծանր իրավիճակից մի կերպ մազապուրծ եղած անձիք միշտ չէ, որ կարող են ընդունող երկրում ներկայացնել իրենց կրթությունը հաստատող ամբողջական փաստաթղթեր»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ