ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելքի» նախագիծը ԱԺ-ում դեռ քննարկվում է, այս անգամ՝ ԱԺ հայտարարությունների ժամին:
Նախ, խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր ելույթում կոչ էր արել ՀՀԿ-ին պարզ հայտարարել, թե ինչի մասին էր քառօրյա պատերազմը: Նրա խոսքով՝ «Այդ պատերազմը Ադրբեջանին ԵՏՄ մտցնելու մասին էր» եւ հենց այսքանով ԵՏՄ-ից դուրս գալու հարցն առնչվում է ապրիլյան պատերազմի հետ:
ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ պատգամավոր Միհրան Հակոբյանը խոսեց արեւմտամետների եւ ռուսամետների ծայրահեղ գնահատականների մասին: Նա ասաց, որ ՌԴ-Արեւմուտք բանավեճն ընթանում է շատ վատ, երբեմն գռեհիկ փաստարկներով ու հակափաստարկներով: ՌԴ-ի վրա ցեխ նետող շրջանակի հիմնական փաստարկներից մեկը սովետական կուլակներն են, Արեւմուտքի վրա ցեխ շպրտողների հիմնական փաստարկն էլ գեյ շքերթներն են, կարծես ուրիշ լավ բան չկա:
Նա հորդորեց լավին լավ ասել՝ վատին՝ վատ:
«Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանն էլ իր ելույթում համաձայնեց Միհրան Հակոբյանի հետ: Ըստ նրա, ԵՏՄ-ից դուրս գալու, հանձնաժողով ստեղծելու հարցը 2 ժամում քննարկելն անհնարին է, երկար ժամանակ է պետք. «Հերիք է մի գիշերվա մեջ որոշումներ կայացնեք: Խոսում եք արեւմուտքներից, խրամատներից, տղե՛րք, ձե՞ռ եք առնում, ռուսական խրամատում նստել եք, մե՞զ եք ասում խրամատներ մի ստեղծեք: Որեւէ դեպքում հակադրվե՞լ եք երբեւէ ՌԴ-ի հետ, եղե՞լ է, որ իրենց ոչ ասեք: Չի եղել նման բան»:
Գեղամյանը, Էդուարդ Շարմազանովն ասել էին, որ ԵՏՄ-ից մեր օգուտը գազի գինն է, մենք տարեկան 360 մլն դոլար կկորցնենք, եթե ԵՏՄ-ից դուրս գանք: Արամ Սարգսյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ Ուկրաինան, որը փաստացի պատերազմում է ՌԴ-ի հետ, այնտեղ էլ գազի գինը նույնն է, ինչ ՀՀ-ում, ընդ որում, այն դեպքում, երբ Ուկրաինան այլընտրանք չունի, մենք ունենք՝ Իրանն է. «Որ ռուսական «Գազպրոմն» ու նավթային ընկերությունը չեն թողնում, որ Իրանի հետ համագործակցություն ունենաք, էդ դուք շատ լավ գիտեք, պետք եղած տեղն էլ բարձրաձայնում եք: Խոսում եք էժան զենք-զինամթերքից, դուք գիտե՞ք մեր բազայի գինն ինչքան է, էդ մեր բյուջեի չափ է: Թող իրենք բազայի փողը մեզ տան, մենք էդ փողով զենք-զինամթերք կառնենք: Վերջիվերջո Ադրբեջանը Գավալայից ՌԴ-ին ասաց՝ ռադներդ քաշեք: Դրանից հետո ՌԴ-ն ի՞նչ արեց՝ մի ամիս առաջ ամենավերջին սպառազինություն, սմերչերը վաճառեց, որը լուրջ վտանգ է սպառնում մեր սահմաններին: Մեզ 200 մլն-ի դիմաց զենք է տալիս, երկու տարի է՝ տալիս է, տալիս է, տեղ չի հասնում, բա էս մասին ինչի՞ չեք խոսում»:
Արամ Սարգսյանն ասաց, որ ՌԴ-ն պատժամիջոցների տակ է եւ դա երկար է տեւելու ու էդ արեւը մեր վրա էլ չի բացվելու՝ ՌԴ-ի հետ. «Սա էլ է քննարկելու թեմա ու կարելի էր մի 6 ամիս ժամանակ տալ, այդ հանձնաժողովում քննարկել: Որ ասում ենք կորցնում եք անկախությունը, այո, կորցնում եք, որովհետեւ հարմարվել եք պաշտոն պահելով՝ ՌԴ-ի հովի տակ ապրել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ