ՀՀԿ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Արա Բաբլոյանը, Գալուստ Սահակյանը առաջարկում են «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց վարձատրության մասին օրենքում» լրացում կատարել:
Նախագիծը խորհրդարանում ներկայացնելով՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ օրենքի 22-րդ հոդվածում կա դրույթ, որի համաձայն, յուրաքանչյուր պետական մարմին ունի պարգեւատրման ֆոնդ, որտեղ սահմանված է 10 տոկոսի շեմ: ՀՀ նախագահի եւ կառավարության աշխատակազմի համար բացառություն է սահմանված: Հիմա իրենք առաջարկում են, որ ԱԺ-ի աշխատակազմը նույնպես այդտեղ ավելացնեն: Պատգամավորները գտնում են, որ ՀՀ նախագահի, կառավարության եւ ԱԺ-ի աշխատակազմի համար միասնական մոտեցում է պետք: Առաջիկայում էլ բյուջեի նախագիծն է քննարկվելու, ուստի սա պետք է հաշվի առնել եւ պարգեւատրումների ավելի մեծ ֆոնդ նախատեսել:
Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն էլ ԱԺ-ի քննարկմանը ներկայացրեց «Դատախազության մասին» օրենքի նախագիծը:
Հարակից զեկուցող Գեւորգ Կոստանյանը հիշեցրեց, որ ինքը հանձնաժողովում սկզբունքային հարցեր է առաջ քաշել ու եթե երկրորդ ընթերցման ժամանակ իր առաջարկությունները հաշվի չառնվեն եւ չշտկվեն, ինքն անձամբ դեմ կքվեարկի նախագծին, որովհետեւ դրանից է կախված, թե մենք ինչպիսի դատախազություն ենք ուզում ունենալ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ