Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում անժամկետ դասադուլ էր հայտարարվել: Ուսուցիչների ու աշակերտների պնդմամբ, դպրոցում դասեր անելը վտանգավոր է: Իշխանություններն էլ որոշել էին դպրոցի տարրական դասարանները տեղափոխել Սիսակյանի անվան ավագ դպրոց, վերանորոգել անմխիթար վիճակում գտնվող սանհանգույցները՝ հնարավորինս սեղմ ժամկետներում:
Հոկտեմբերի 3-ին «Հենարան» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մամիկոն Աբգարյանը խոսեց ծրագրերից , որոնք կիրականացվեն դպրոցի խնդիրները լուծելու նպատակով:
«Ես և Արագածոտնի մարզպետը եղել ենք դպրոցում. մեր առաջնային խնդիրը ոչ միայն այս դպրոցի խնդրի լուծումն է, այլև մնացած դպրոցների, որովհետև Արագածոտնի մարզում կան վատ վիճակում գտնվող այլ դպրոցներ եւս»,- նշեց պարոն. Աբգարյանը:
Դպրոցն ուներ նաեւ գույքի, սարքավորումների, տեխնիկայի խնդիր: Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը նշեց, որ լուծվել է դասագրքի խնդիրը, դպրոցին հատկացվել են սեղաններ, աթոռներ և գրատախտակներ:
Նա նաեւ հավաստիացրեց, որ դպրոցի կառուցումը 7 սարերի ետևում չէ և խնդիրը բարձր մակարդակով լուծում կստանա:
Մանե ՄՈՒՐԱԴՅԱՆ