Այն անձը, որը զբաղեցնում է պաշտոն եւ իր պաշտոնավարման ժամանակ պետական գաղտնի տեղեկություններից պետք է օգտվի, նա կարող էր ստանալ որոշակի հավելավճար գերատեսչության կողմից՝ որպես արտոնություն: Այսօր կառավարությունը «Պետական գաղտնիքի մասին» օրենքում առաջարկում է ԱԺ-ին փոփոխություններ կատարել եւ այդ արտոնությունը վերացնում է: Պետական ծառայողը պետք է բավարարվի իր աշխատավարձով:
Կառավարությունը ԱԺ-ի քննարկմանը ներկայացրեց նաեւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Գործող օրենքով խաղատներ թույլատրվում էր ՀՀ-ում կառուցել եւ գործունեություն ծավալել մի քանի վայրերում՝ Սեւան, Մեղրի, Ջերմուկ, Երեւանում խաղատնային գործունեությունը թույլատրվում է, բայց պայման է դրված՝ 40 մլրդ դրամի ներդրում պետք է արվի: Հիմա նոր նախագծով կառավարությունը հստակություն է մտցնում՝ այդ 40 մլրդ դրամի ներդրումը պետք է կատարել մեկ վայրում եւ անկախ ներդրողների քանակից, պետությունը միայն 1 լիցենզիա է տալու:
Ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանն ասաց, որ կառավարության նպատակն է ներգրավել հնարավորինս շատ ներդրումներ ՀՀ-ում, այդ թվում՝ զվարճանքների ոլորտում:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք ծրագրում էին Երեւանը «կազինոյազերծել». «Հիմա մենք ունեք իրավիճակ, երբ ամեն գազալցակայանում եւ Երեւանի բազմաթիվ կետերում բուքմեյքերական գրասենյակների տեսքով ունենք կազինոներ: Սա մտահոգության առիթ է տալիս: Ի՞նչ է մտածում կառավարությունը այն հարցի մասին, որ ընտանիքի անդամները հնարավորություն ունենան դիմումի հիման վրա կամ որեւէ կերպ իրենց՝ խաղամոլությամբ տառապող ընտանիքի անդամների մուտքը փակել համապատասխան տեղերը: Ինչու կազինոները փակեցին, երբ հիմա ամբողջ գազալցակայաններն ու Երեւանը կազինո են դարձրել»:
Փոխնախարար Կարեն Թամազյանն ասաց, որ ներկայումս կառավարությունը քննարկում է այդ մասին «Ելքի» նախագիծը, մոտ օրերս կներկայացնի իր դիրքորոշումը: Նա նշեց, որ բուքմեյքերական կետերը վիճակախաղերի ներքո գործող տեսակ են, կազինո չեն:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց. «Մենք զբոսաշրջիկների, օտարերկրացիների հարմար պայմաններ ենք ստեղծում, որ ներդրումներ իրականացնեն: Բայց մի՞թե դա լավագույն ներդրումային հնարավորությունն է, այդ դեպքում կարելի էր հասարակաց տներ կառուցել, մենք ո՞ւր ենք տանում՝ խաղամոլություն»:
Փաշինյանն իր ելույթում մի դեպք պատմեց, որը կատարվել իր հետ մի քանի օր առաջ. «Մեքենայով կանգնած եմ լուսացույցի տակ եւ կտկտոցներ եմ լսում ապակուն, նայեմ՝ երկու երիտասարդ դուռը ծեծում են, ոնց որ ինչ-որ տեղից փախած լինեն: Մեքենայի պատուհանը իջեցնում եմ, պարզվում է, այդ տղաները նստած են եղել բուքմեյքերական գրասենյակի թափանցիկ ապակիների մի կողմում, տեսնելով մեքենան, մոտեցել են, ասում էին՝ խնդրում ենք, մեզ փրկեք: Ասում եմ՝ ինչ ա պատահել ձեզ, ասում էին՝ ինչ ունենք չունենք, էս գրասենյակներում ամբողջը տանուլ տվեցինք: Ասացի՝ հասուն մարդիկ եք, չե՞ք կարողանում ձեզ կառավարել, ասում են՝ չէ, չենք կարողանում սա էլ մեր հիվանդությունն է»:
Փաշինյանն ասաց, որ վերջին շրջանում մոտ մեկ տասնյակի հասնող մարդիկ իրենց, իրենց հարազատի համար այս հարցը բարձրացրել են, ինչը նշանակում է, որ մենք մտածելու խնդիր ունենք. «Պետք է բուքմեյքերական գրասենյակների մուտքը սահմանափակել, որ մարդիկ բարդ ընտանեկան պրոբլեմների առաջ չկանգնեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ