Կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանի անունը եւս շրջանառվում է Կինոգործիչների միության նախագահի պաշտոնի հավակնորդների անունների ցանկում: Որոշ շրջանակներում հնչում է, որ պարոն Դովլաթյանը ցանկություն ունի առաջադրվել կինոմիության նախագահ, կինոգործիչների որոշ շրջանակներում էլ ասվում է, որ հարմար պահի նա կարող է միանալ թեկնածուներից մեկին:
Aravot.am-ը Միքայել Դովլաթյանից հետաքրքրվեց` հնարավո՞ր է վերջին պահին ցանկություն ունենա առաջադրվելու Կինոգործիչների միության նախագահ: Չգիտեմ` կտրուկ պատասխանեց պարոն Դովլաթյանը, որը կինոոլորտի հետ կապված հարցերում մշտապես զգուշավոր կեցվածքով է հայտնի:
Իսկ հնարավո՞ր է չառաջադրվելու դեպքում միանա արդեն հայտնի հավակնորդներից մեկին` նրան հարցրինք մենք:
Չգիտեմ` կրկին նույն պատասխանը տվեց Միքայել Դովլաթյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին ժամը 11-ին կկայանա ՀՀ կինոգործիչների միության արտահերթ համագումարը, որտեղ էլ կընտրվի նոր նախագահ: Իսկ նախագահի արդեն հայտնի թեկնածուների անուններն են` Հարություն Խաչատրյան, Գեւորգ Գեւորգյան, Վահե Գեւորգյանց, Գոռ Վարդանյան, Էդգար Բաղդասարյան:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ