«Նման նախադեպ, որ քաղաքացիական հայցն ընդունվի վարույթ և հետ վերադարձվի, անհնար է պատկերացնել: Միանգամից հրաժարվելու իրավունք էլ չկա, եթե դատարանը գտնում էր, որ մեր քաղաքացիական հայցը հիմնավոր չէ, թող մերժեր: Բայց ինքը նույնիսկ վարույթ չի ընդունել»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը:
Պարոն Կիվիրյանն ամենաաբսուրդն այն է համարում, որ քաղհայցը վարույթ է ընդունվել և հետո որոշում է կայացվել` հրաժարվելով վարույթ ընդունելուց:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Սահմանադրական դատարանը վարույթ էր ընդունել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողի կողմից ներկայացված դիմումը, որով վերջիններս վիճարկում են քրեական դատավարության օրենսգրքի այն դրույթը, որի ուժով տուժողների քաղհայցը թողնվել էր առանց քննության: Գործով առաջին նիստը պետք է տեղի ունենար այսօր ժամը 10:00-ին: Սակայն երեկ Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը ՍԴ-ից ստացել է որոշում՝ գործի վարույթը կարճելու մասին:
Այս ողջ գործընթացում պարոն Կիվիրյանը տեսնում է քաղաքական ենթատեքստ. «Սա քաղաքական որոշում է: Իրավական տեսանկյունից դատարանն ի սկզբանե քաղաքացիական հայցը վարույթ է ընդունում, ճանաչում է տուժողների իրավահաջորդներին` որպես քաղաքացիական հայցորդ, ՌԴ-ին` պատասխանող, հետո որոշում է կայացնում, որ քաղհայցը պետք է թարգմանվի և ուղարկվի դատարան: Եվ հաջորդ դատական նիստի ընթացքում հանկարծակի կողմին որոշում է ներկայացնում, որ դատարանը հրաժարվում է ընդունել վարույթ: Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում վարույթի ընդունում և հետագայում, օրինակ, այդ վարույթից ընդհանրապես հրաժարում: Կամ ի սկզբանե պիտի չընդունվեր, կամ էլ պետք է քննվեր գործը, և եթե անհամաձայնություններ կային, մերժվեր»:
Իսկ թե ինչին էր վերաբերում իրենց դիմումը, պարոն Կիվիրյանն ասաց. «Դատարանի այդ որոշումը բողոքարկել էինք Վերաքննիչ դատարան, այն թողել էր առանց քննության` պատճառաբանելով, որ այդ որոշումը ենթակա չէ բողոքարկման: Վճռաբեկ բողոք էլ էինք ներկայացրել: Հետո այն հիմքով, որ փաստացի անձը զրկված է դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից, դիմեցինք ՍԴ: ՍԴ-ն ընդունեց վարույթ: Կառավարությունից էլ դիրքորոշում էր եկել, որ անձն այդ որոշումը պետք է հնարավորություն ունենա բողոքարկելու»:
Հարցին` դիմելո՞ւ են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), պարոն Կիվիրյանը պատասխանեց. «ՄԻԵԴ մենք դիմելու ենք անկախ ՍԴ-ի որոշումից: ՄԻԵԴ դիմելու ենք այն հիմքով, որ փաստացի մեր կողմից ներկայացված քաղհայցը վարույթ չի ընդունվել, քննություն տեղի չի ունեցել, և անձը զրկված է եղել իր պահանջի ներկայացման հնարավորությունից և պահանջի բավարարումից»:
Նշենք, որ հայցով Ավետիսյանների իրավահաջորդները ՌԴ-ից պահանջում էին 450 հազար եվրոյի բարոյական փոխհատուցում: Պարոն Կիվիրյանն այս առիթով ասաց. «Այստեղ հարցը գումարի չափը չէ: Խնդիրը, որ բարձրացնում էինք, դա այն փաստական հանգամանքներն էին, որ մենք ցանկանում էինք` քննության առարկա դառնան դատարանում: Այս դեպքում պատասխանող կողմ էր լինելու ՌԴ-ն, մենք այստեղ առաջ էինք քաշում որոշակի փաստական հանգամանքներ, որոնք վերաբերում էին ՌԴ-ին, քանի որ գտնում էինք, որ Ռուսաստանը դրսևորել է անգործություն և որոշ դեպքերում ոչ իրավաչափ գործողություններ: Մասնավորապես այն հանգամանքին, որ ՌԴ-ն ի սկզբանե տեղեկացված լինելով, որ Պերմյակովն ունի որոշակի խնդիրներ, դասալքության դեպքեր են եղել, նրան արգելված է եղել կրել զենք, բայց դրա հետ մեկտեղ ՌԴ-ն ուղարկում է այդ անձին ՀՀ և ձեռքը տալիս զենք: Դասալքություն է տեղի ունենում, բայց անհապաղ չի տեղեկացվում հայկական կողմին: Եթե այդ խախտումները թույլ չտրվեին ՌԴ-ի կողմից, կարող էր այդ հանցագործությունը տեղի չունենալ: Ուստի ՌԴ-ն` որպես կողմ, պատասխանատու է դրա համար և նաև այդ փաստական հանգամանքները քննության առարկա պիտի դառնային: Իսկ քաղաքացիական հայցը կնպաստեր այդ փաստական հանգամանքների քննությանը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ