Aravot.am-ը դժգոհություններ էր ստացել, որ թիվ 46 ավագ դպրոցում դրամահավաք է իրականացվում, 20-30 հազար դրամ ստացող ուսուցիչներից գումար են հավաքում: Ըստ մեր աղբյուրի, տնօրենը նոր ուսուցիչների է աշխատանքի ընդունել, ինչի պատճառով շատերի դրույքները կիսվել են:
Aravot.am-ը բողոքների վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց թիվ 46 ավագ դպրոցի տնօրեն Արմեն Աբգարյանից, որն 9 ամիս է, ինչ ղեկավարում է դպրոցը: «Այս 9 ամիսների ընթացքում ես պատերազմ եմ հայտարարել նման երեւույթների դեմ, եւ, հուրախություն ինձ, իմ կոլեկտիվն իմ հետեւից է գնում: Դուք գործ ունեք մի տնօրենի հետ, որն իր անձնական միջոցները սիրով նվիրաբերում է դպրոցին, ես դպրոցաշինությամբ եմ զբաղված, ոչ թե դպրոցաքանդությամբ»,-ասաց դպրոցի տնօրենը:
Նա հերյուրանք որակեց վերը նշված փաստերը: «Այդ ամենը ստահոդ լուրեր են, իրականության հետ, մեղմ ասած, որեւէ աղերս չունեն, դա կարող է ինչ-որ մեկի կամ մի քանիսի զառանցանքի արգասիք լինել»,-հավելեց տնօրենը:
Հավելենք, որ դպրոցի կայքում ի թիվս այլ տվյալների, ազատորեն դրված էր նաեւ դպրոցի 2018 թ եկամուտների եւ ծախսերի նախահաշվի նախնական տարբերակը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` դպրոցի կայքից: