Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Քուրդիստանում անկախության հանրաքվեի առիթով Էրբիլ մեկնելուց հետո համոզվել է, որ Քուրդիստանում կատարվածը բավականին մանրակրկիտ կերպով կազմակերպվել է:
«Հայելի » ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Սարգսյանն այս մասին ասաց. «Եթե անհրաժեշտ լինի, իրենք ունեն մեծաթիվ փոխադրամիջոցներ, որոնք գիշերվա ժամերին կարող են տեղափոխել ահռելի քանակությամբ նավթ: Իրենք շատ լուրջ այս ամենին պատրաստվել էին ու հասկանում էին՝ ուր և ինչու են գնում»:
Անդրադառնալով այն պնդումներին, թե Քուրդիստանում Թուրքիայից ահաբեկված են, պարոն Սարգսյանը հակադարձեց. «Նրանք Թուրքիայի հետ որևէ խնդիր չունեն: Իրենց պաշտպանության նախարարն ինձ ասաց՝ դժվար է պատկերացնել, որ Թուրքիան հրաժարվի տասը միլիարդի առևտրային շրջանառությունից, որն ունի Թուրքիայի հետ Քուրդիստանը: Արևելյան Անատոլիայում, որտեղ քրդերն ու թուրքերն են բնակվում, ամբողջովին ապրում են առևտրի հաշվին: Նախարարն ասաց, թե դժվար է պատկերացնել, որ Թուրքիան կհրաժարվի մեր էժան նավթից»:
Արամ Սարգսյանը վստահեցրեց` այն խոսակցությունները, թե պատժամիջոցներ են իրականացվում, օդային ճանապարհները փակվել են, իրականությանը շատ առումներով չեն համապատասխանում, քանի որ որոշ ավիաընկերություններ թռիչքներ իրականացնում էին, բաց էին ավտոճանապարհները:
Դառնալով Էրդողանի հայտարարություններին` պարոն Սարգսյանն ասաց. «Այն բոլոր հոխորտանքները, որ Էրդողանը ներկայացրեց, այդ կապակցությամբ մի անգամ ասել եմ, որ եթե հանկարծ Թուրքիան զինված ուժեր օգտագործի Քուրդիստանի նկատմամբ, նա կանի մեծագույն բարի քրդերի համար, քանի որ այդ պահին բոլոր քրդերը կմիավորվեն: Եթե այսօր PKK-ի և Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների միջև կան հակասություններ, եթե Իրանի քրդերի հարցում նրանք շատ ավելի չեզոք են իրենց պահում, քանի որ Իրանի հետ երբևէ չեն ուզում հարաբերություններ փչացնել, այդ դեպքում միավորվելու են»:
Արամ Սարգսյանը հավանական է համարում նաև այն, որ քրդերը չանկախանան: Նա պարզաբանեց. «Հարցրի` երբ դուք հիմա ստանաք անկախության արդյունքները և հռչակագիր պատրաստեք, ասեք անկախ եք, դուք հաջորդ օրն Իրաքի դրոշները հանելո՞ւ եք ձեր պետության տարածքից, միանգամից ասացին` ոչ, մենք դուռը բաց ենք թողնում բանակցությունների համար: Համոզված եմ`բանակցություններ լինելու են: Գնալու է առևտուր: Շատ հնարավոր է` այս փուլում քրդերը համաձայնվեն ֆեդերատիվ պետություն ստեղծելու գաղափարին, այլ ոչ միանգամից անկախանալու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ