Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարա՞ք նախագիծ ներկայացնեք, որ Ղարաբաղն էլ մտնի ԵՏՄ». Սասուն Միքայելյանը՝ ՀՀԿ-ին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 03,2017 14:37

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու իրենց նախագծի քննարկման ժամանակ ԱԺ-ում ասաց, որ լուրջ տնտեսական խնդիրներ կան, ախտանշաններ կան ու իրենք ընդամենն առաջարկում են հանձնաժողով ստեղծել՝ «յամեռ» անել. «Մարդը, որ բողոքներ ունի, պիտի մի հատ յամեռով անցկացնենք, հետազոտենք, որ տեսնենք՝ վիրուս է, հիվանդ է, ինչ է…ՀՀԿ-ն ասում է՝ այ ախպեր, ինչ յամեռ, ինչ բան, թող մալինայով մուրաբա ուտի, կքրտնի, քարաբաղնիս կանենք, կանցնի»:

Անդրադառնալով ՀՀԿ-ականների այն փաստարկներին, որ գազի գինը կբարձրանա, եթե ԵՏՄ-ից դուրս գանք՝ Փաշինյանն ասաց, որ 21-րդ դարն է, ու մենք գազի մասին խոսում ենք 67 թվի խանդաղատանքով. «Ոնց է, որ Թուրքիայում գազը 100 անգամ թանկ է, իսկ նա ՀՀ-ի լոլիկից 3 անգամ ավելի էժան լոլիկ է ստանում»:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի համոզմամբ՝ ժողովուրդը եւ քաղաքական ուժերի մեծամասնությունը արդեն իր որոշումը ԵՏՄ-ի անդամակցության մասին կայացրել է: Նա նշեց, որ ԵՄ-ի հետ էլ հարաբերություններն ակտիվացնելու քայլեր ձեռնարկում են. «Իսկ ինչո՞ւ չենք տեսնում, որ ԵՄ անդամ երկրներից ամենախոշորը փորձ է անում դուրս գալու, ինչո՞ւ չենք խոսում մյուս միությունների թերությունների, բացթողումների մասին: Խոսում ենք մի միության մասին, որը նոր-նոր է սկսվել ձեւավորվել»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ «Ելքի» ներկայացրած փաստաթուղթը շատ թերի է, եթե նման շրջադարձի ենք գնում, պետք է հիմնավորումներ բերենք, առաջինը՝ անվտանգության խնդիրները նայենք. «Չի ասվում, եթե մենք ԵՏՄ-ից դուրս գանք, մեր տնտեսությունն ինչ վիճակում կհայտնվի, վերլուծություն չկա: Բացարձակ բացակայում է ռազմական բաղադրիչը, ռազմատեխնիկական աջակցություն Հայաստանը ստացել է այս տարածքից այսքան, այն տարածքից գրեթե զրո է եւ եթե խզենք մեր հարաբերությունները, ինչպես ենք լցնելու այդ սյունակը ԵՄ-ից»:

«Ելքի» պատգամավոր Սասուն Միքայելյանը հիշեց, որ «երբ ՀՀԿ-ն ուզում է «մի հարց ջրի», հանձնաժողով է ստեղծում, ըստ նրա, այդպես եղել է Հոկտեմբերի 27-ի, մազութի գործերով: Նա հիշեցրեց Նազարբաեւի խոսքերը, որն ասել էր, որ ԵՏՄ պետք է մտնեք առանց Ղարաբաղի. «Հիմա ես ուզում եմ հարց տալ ՀՀԿ-ին, կարա՞ք նախագիծ ներկայացնեք կամ ինչ-որ հարցով հանդես գաք, որ Ղարաբաղն էլ մտնի ԵՏՄ: Եթե մենք մտել ենք առանց Ղարաբաղի, բա լավ, վերջիվերջո Ղարաբաղի հարցը ո՞րն է լինելու: Սա մեսիջ է, որ մենք զգաստանանք: Ոչ թե հանձնաժողով ստեղծելու պահն է, այլ մենք գնում ենք ուղիղ անկում, որպես պետություն հանդես չենք գալիս: Շուրիկի արկածների պես ինչ ասում ենք, ասում եք` Я: Մենք ԵՏՄ անդամ պետություն ենք, որպես պետություն պիտի հանդես գանք, ոչ թե որպես կամակատար, հարցը մեր անկախության, մեր ապագայի մասին է: Ձեռք է բերվել մեր կյանքերի,արյան գնով, չկորցնենք: Մենք հաղթեցինք պատերազմը, հիմա ասում ենք՝ բերեք համախմբվենք, էս իրավիճակից դուրս գանք, ավելի խորանում է»:

Միքայել Մելքումյանը «Ծառուկյան» խմբակցության անունից ասաց, որ իրենք ԵՏՄ-ի անդամակցությանը կողմ են քվեարկել, հիմա էլ կողմ են ԵՏՄ-ին, ուստի «Ելքի» առաջարկին դեմ են քվեարկելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031