«ՀայՖեստ» թատերական միջազգային փառատոնի համար 2017-ը հոբելյանական է: «Հայֆեստը» նշում է հիմնադրման 15-ամյակը: Այս տարիների ընթացքում փառատոնին մասնակցել է ավելի քան 500 թատերական, պարային, կրկեսային, երաժշտական ընկերություն, 5000-ից ավելի մասնակից եւ հյուր:
«Հայֆեստի» շրջանակում Հայաստանում հյուրընկալվել է Ի.Ա. Գոնչարովի անվան Ուլյանովսկի դրամատիկական թատրոնը` «Սիրային քառանկյունի» ներկայացմամբ: Պիեսը Կարինե Խոդիկյանինն է, բեմադրիչը` Հակոբ Ղազանչյանը: Ռուս դերասանները փայլուն էին հաղթահարել իրենց առջեւ դրված առաջադրանքը եւ շատ համոզիչ էին խաղում: Ներկայացումը նույն տղամարդու 3 կանանց մասին է` օրինական կնոջ, նախկին եւ ներկա սիրուհիները: Երեքն էլ ուզում են պատժել նրան, սակայն անկարող են` սիրում են: Կանայք արտաքինով ու տարիքով տարբեր են, բայց երեքն էլ նման են միմյանց: Օրինական կնոջից, որը միշտ հավատարիմ ու ներող է, տղամարդը որդի ունի, ու համոզված է, որ խելացի կինն իր սիրած տղամարդուց պետք է երեխա «գողանա»: Հանուն սիրած տղամարդու ամուսնուն թողած սիրուհին 6 տարի շարունակ սիրած մարդուն տվել է երջանկություն, ուժեղ, ինքնավստահ, հպարտ զգալու զգացողություն: «Ճգնաժամային» տարիքում գտնվող՝ 50-ամյա տղամարդուն հանդիպած երրորդ երիտասարդ կինն էլ նրան վերջին թռիչքի հնարավորություն է տվել:
Երեք կանանց մարմնավորել են Օլգա Նովիցկայան, Դարյա Դոլմատովան, Աննա Դուլեբովան, իսկ խարիզմատիկ տղամարդուն կերտել է Նիկոլայ Ավդեեւը: Այս ներկայացման մեջ դերասանների խաղին գալիս էր լրացնելու Պիացոլայի երաժշտությունը, եւ ընդգծելու, որ տանգոն ի վերջո «երկուսով են պարում», եւ ոչ թե չորսով:
Ի դեպ, նույն ներկայացումը Հակոբ Ղազանչյանը բեմադրել էր նաեւ Հ. Պարոնյանի անվան թատրոնի դերասանների հետ: Այն նույնպես լավ արձագանք էր գտել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Գլխավոր լուսանկարը https://israelculture.info կայքից, մյուս լուսանկարները` հեղինակի: