Լրահոս
Օրվա լրահոսը

Սերոբ Խաչատրյան. «Ավելի լավ է ուսուցիչներն ընդվզեն, քան սուսուփուս վնաս տան» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 03,2017 13:47

Հոկտեմբերի 5-ին նշվում է Ուսուցչի տոնը: Հոկտեմբերի 3-ին` տոնին ընդառաջ «Տեսակետ» ակումբում հյուրընկալված կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը խոսեց դպրոցների կառավարումից եւ ֆինանսավորումից, օպտիմալացման խնդիրներից, անդրադարձավ ռուսաց լեզվի հայեցակարգին եւ ուսուցիչների որակին:

Սերոբ Խաչատրյանի խոսքով, օպտիմալացման խնդիրը սկսեց քննարկվել «վերեւներում», երբ Արթիկի թիվ 7 դպրոցի հարցը հասավ կառավարություն: Կրթության փորձագետը կարծում է, որ դպրոցների օպտիմալացմամբ համակարգում ոչ մի մեծ հարց չի լուծվի: «Մի կողմից խնդիր է դրվում օպտիմալացնել դպրոցները, մյուս կողմից՝ ՀՀ նախագահն առաջարկել է թեզ, ըստ որի՝ 2040 թ պետք է դառնանք 4 մլն: Եվ եթե 4 միլիոն ենք դառնալու, կարո՞ղ է ապագայում շենքերի պակաս ունենանք, ինչպես մանկապարտեզների պարագայում է: Առաջ երեխաներ չկային, մանկապարտեզների շենքեր կային, հիմա երեխաներ կան, շենքեր չկան»:

Օպտիմալացման վերաբերյալ խոսելիս Սերոբ Խաչատրյանը նաեւ մի դիտարկում արեց: Ասաց, որ, այնուամենայնիվ, ինքը չի պատկերացնում կրթություն` 5 հոգանոց դասարանում. «Դպրոցը փոքր հասարակություն է, պետք է երեխաների մի կրիտիկական քանակություն լինի, տարբեր բնավորությունների տեր երեխաները պետք է շփվեն միմյանց հետ…Ասում են, որ եթե գյուղի դպրոցը փակվում է, գյուղն է փակվում…Եթե կան գյուղի դպրոցներ, որտեղ 5-6 երեխա կա, միեւնույն է, այդ գյուղը «փակված» է: Ավելի լավ չի՞ լինի իրար մոտ գտնվող գյուղերից մեկի դպրոցը հզորացնել, փրկել կողքի գյուղի 5-6 երեխային, նորմալ կրթություն տալ»:

Կրթության փորձագետը համոզված է. «Հնարավոր չէ բանակը զարգացնել առանց գիտության եւ կրթության զարգացման, եւ հետո Հայաստանի խնդիրը միայն զենք գնելը չէ: Հայաստանում ընդունված է, որ ուսուցիչներն ու դասախոսները չեն ընդվզում, եւ ինչքան էլ ցածր վարձատրվեն, միեւնույն է՝ աշխատելու են: Ճիշտ է, նրանք չեն ընդվզում, բայց սուսուփուս են վնաս պատճառում: Ավելի լավ է ընդվզեն, քան տեղերում վատ աշխատեն: Կրթության մարդիկ սիրում են ուշադրություն, որը չպետք է լինի միայն մեդալների տեսքով: Այս շաբաթ ուսուցչի տոնն է, հետեւաբար ուսուցիչներին շարունակելու են երկինք բարձրացնել ու աստվածացնել, փոխանակ նրանց վիճակը բարելավելու»: Բանախոսը տարակուսանք է հայտնում. «Ի վերջո բանակին սկսեցին ուշադրություն դարձնել, երբ Ապրիլյան պատերազմը եղավ…Կրթության ոլորտում է՞լ նման մի բան լինի, որ սկսեն ուշադրություն դարձնել»:

Ասուլիսի ժամանակ դպրոցների ֆինանսավորմանն էլ անդրադարձ եղավ, նշվեց, որ ֆինանսավորման գործընթացը քննարկման փուլում է: Սերոբ Խաչատրյանը հիշեցրեց, որ կրթության համակարգին հատկացվող գումարի չափը փոքր է` ՀՆԱ-ի մոտ 2 %-ի չափով, մինչդեռ միջին եվրոպական ցուցանիշը 4 % է: Ընդ որում, Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին, որտեղ կոնկրետ 3%-ի պահանջ կա:

Ինչ վերաբերում է ռուսաց լեզվի հայեցակարգի հետ կապված աղմուկին, Սերոբ Խաչատրյանը հետեւյալ կարծիքի է. ԿԳ նախարարությունը կամ պետք է մշակեր ընդհանուր օտար լեզվի հայեցակարգ` բոլոր լեզուների առանձնահատկություններով, կամ պետք է հայեցակարգեր մշակեր առանձին-առանձին բոլոր օտար լեզուների համար: Նրա ձեւակերպմամբ, խնդիրն ավելի շատ քննարկվեց քաղաքական, քան կրթական համատեքստում: Սերոբ Խաչատրյանը գտնում է, որ հայեցակարգը մի շարք հարցերի պատասխան չի տալիս, օրինակ, ինչպե՞ս կարելի է լեզու սովորեցնել 30 հոգանոց դասարանում: Նրա խոսքերով, լեզուներ, այդ թվում հայերեն, պետք է սովորեցնել փոքր խմբերով:

Որակի մասին էլ խոսք գնաց: Սերոբ Խաչատրյանն ընդգծեց, որ օտար լեզուների որոշ ուսուցիչների մակարդակն այնքան ցածր է, որ նրանց վերապատրաստումն էլ չի փրկի: Կրթության փորձագետի դիտարկմամբ, ուսուցիչների մեծ մասը դժվարանում է լսարան պահել, որովհետեւ այսօր 20-րդ դարում ծնված ուսուցիչները դասավանդում են 21-րդ դարում ծնված աշակերտներին: Նրա խոսքով, դրա համար էլ հեռախոսն աշակերտի համար ավելի հետաքրքիր է, քան ուսուցիչը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031