Խորհրդարանում քննարկվում է «Ելքի» առաջարկը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:
«Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ որեւէ լուրջ հիմնավորում իշխանությունների կողմից չեն ստացել, թե ինչու չպետք է ստեղծվի այդ հանձնաժողովը եւ ինչ ենք մենք ստանում ԵՏՄ-ից: Նա ասաց, որ եթե ՀՀԿ-ականներն իրենց երեխաների ապագան ՀՀ-ում են տեսնում, չեն պատրաստվում վաղը մանդատները վայր դնելուն պես փախչել այստեղից, ապա պետք է գիտակցեն, որ ՀՀ-ի ամեն ինչն են կորցնում՝ ԵՏՄ կազմում մնալով: Պետք է հարց տալ՝ մենք ուզում ենք, որ Հայաստանը դարձնենք տոտալիտար Ադրբեջա՞ն, Ղազախստա՞ն, թե՞ Բելառուս, ի՞նչ Հայաստան ենք ուզում. «Երբ ներմուծում ենք տնտեսական, քաղաքական, հասարակական այդ արատավոր համակարգերը, ի՞նչ ենք ստանում մենք դրա դիմաց: Ոչինչ չի ասվել որեւէ բառով»:
Գորգիսյանն ասաց իշխանավորներին՝ ձեր զավակներին ուղարկել եք Եվրոպա սովորելու եւ հանգիստ եք, որ հետո այնտեղ էլ կմնան. «Դե ուղարկեք ԵԱՏՄ սովորելու, ուղարկեք Ղրղըզստան, Բելառուս, չէ, գնում են Եվրոպա՝ սովորելու, ձեր կադրերի մեծ մասը Եվրոպա են գնացել սովորել, այնտեղի արժեհամակարգը տեսել են ու հիմա էլ Հայաստանը տանում են ԵԱՏՄ»:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Մեր կադրերը ե՛ւ Եվրոպայում են սովորել, ե՛ւ ՀՀ-ում, ե՛ւ ԵԱՏՄ երկրներում»:
Շարմազանովն իր ելույթում նշեց, որ խորհրդարանում հայտնված 4 քաղաքական ուժերից առնվազն երեքը կողմ են արտահայտվել ԵՏՄ անդամակցությանը. «Ելք» դաշինքն էլ ես չեմ հիշում, որ ընտրությունների ժամանակ խոսել է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին: Էդ հլը հարց է՝ որ հայտարարեիք ԵՏՄ-ից դուրս եք գալիս, 7 տոկոսը կհաղթահարեիք, թե չէ»:
Նա նշեց, որ ՀՀ մեծամասնության համար ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր դրված չէ. «Երբ խոսում ենք ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, առաջինը ոչ թե պետք է քննարկենք, թե ինչ օգուտ է տվել ԵԱՏՄ-ն մեզ, այլ պետք է քննարկենք՝ եթե դուրս գանք, ինչ վնասներ կկրենք: Մեկը ձեզ հարց տա, դուրս ենք գալիս՝ վնասները հաշվե՞լ եք: Միայն ԵԱՏՄ մտնելուց հետո ՀՀ արդյունաբերողների համար գազի գինը 30 դոլարով պակասել է: Ըստ եվրոպացի փորձագետների, միայն գազի գնի իջեցումից ՀՀ տնտեսությունն ավելի է շահել, քան եթե մենք կնքեինք Ազատ առեւտրի համաձայնագիրը ԵՄ-ի հետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ