Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստին մեղադրող դատախազի՝ մեղադրական եզրակացությունը ներկայացնելուց հետո, նիստը նախագահող դատավորը Ղուկասյանից հետաքրքրվեց՝ իր համար պա՞րզ է, թե ինչի համար է նախաքննական մարմինն իրեն մեղադրանք առաջադրել:
«Ներկայացված մեղադրանքում, այսպես կոչված, զանգվածային անկարգություններն ունեն շարունակություն, բայց չունեն սկիզբ: Պատանդներ վերցնելու, շենքեր գրավելու ու ապօրինի զենք կրելու գործողությունները սկիզբ չունեն, բայց դատախազը պնդում է, որ այդ գործողությունները մնացել են անավարտ՝ ոստիկանության գործողությունների արդյունքում: Ինձ համար պարզ չէ մեղադրանքի էությունը, ինչպես կարող է լինել մեղադրանք, եթե բացակայում է հանցակազմը: Ինչ հրապարակվեց՝ սուտ է: Ինձ համար պարզ է՝ սա շինծու ու սուտ մեղադրանք է»,- դատարանի հարցին արձագանքեց Անդրիաս Ղուկասյանը:
Նախագահող դատավորի հարցին՝ առաջադրված մեղադրանքներում ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց՝ ոչ՝ կրկնելով, որ պնդում է, որ սուտ ու շինծու մեղադրանքներ են՝ կեղծ ապացույցների ու սուտ ցուցմունքների հիման վրա:
Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն էլ հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ մեղադրական եզրակացության մեջ չկա նշված, թե երբ են սկսվել զանգվածային անկարգությունները. «Եթե մեղադրողին հայտնի է, թող ասի, վաղը վկաներ եք հարցաքննելու, մենք ինչպես պաշտպանվենք: Խնդիրը մեղադրական եզրակացության մեջ է »:
Դատարանն այսօր սահմանեց նաեւ ապացույցների հետազոտման կարգը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ