Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր անկախությունն ավարտվեց 1999-ի սեպտեմբերի 21-ի շքերթում եղբորս հպարտության արցունքներով». Արամ Սարգսյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 03,2017 13:23

Խորհրդարանում քննարկվում է «Ելքի» առաջարկը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:

«Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանն իր ելույթում ասաց. «Դուք այսօր կարող եք փառաբանել աշխարհի եվրասիական հատվածը, որտեղ երկրային դրախտ է, որի դուռը միայն ձեր համար արդարացված, իմաստուն գիշերային որոշումով բացվեց Հայաստանի առաջ: Ձեզանից որեւէ մեկը կասի՞, թե ՀՀ-ում քանի երեխա չի ծնվել, որովհետեւ տան տղամարդը մեկնել է արտագնա աշխատանքի, քանի երեխա է մեծանում որբի կարգավիճակով՝ նույն պատճառով, քանի կին է ստիպված տան տղամարդ դարձել, քանի փակ ու բաց դագաղ է Հայաստան եկել եւ քանի տան դուռ է ՀՀ-ում փակվել»:

Նա ասաց, որ ուզում են հայը մնա ՀՀ-ում, ոչ թե օտար աշխարհներ գնա եւ պատանդ դառնա՝ պատանդ դարձնելով նաեւ իր ընտանիքն ու հայրենիքը. «Մենք մեր հայրենիքը չենք տեսնում սպասարկման ոլորտում կամ առավելագույնը՝ հումք արտահանող: Մենք մեր հայրենիքում ուզում ենք արդյունաբերություն վերականգնել ու գյուղատնտեսությունը չդարձնել լոլիկի, ծիրանի, կամ էլ խաղողի գերի: Դուք ասում եք՝ փոփոխություններն անհնարին են, մենք ասում ենք հնարավորությունների տեղը, դուք անլիարժեքության բարդույթ եք զարգացնում՝ փոքր ու աղքատ երկիր լինելու, չավարտված պատերազմների, հարեւանների եւ էլի այլ պատճառներով: Մենք ասում ենք՝ ելք կա եւ ելքը մեր մեջ է»:

Ըստ Արամ Սարգսյանի, ՀՀ-ն անկախ պետություն երբեք չի լինի, քանի ունի կախյալ իշխանություն, որի երազանքների գագաթնակետը ՌԴ-ի անվան Հայաստանի Հանրապետություն դառնալն է. «Մեր անկախությունն ավարտվեց 1999-ի սեպտեմբերի 21-ին՝ Հանրապետության հրապարակի շքերթում եղբորս հպարտության արցունքներով եւ հոկտեմբերի 27-ին այս դահլիճում կատարված սպանություններով: Դրանից հետո ձեր ընթացքը եղել է՝ ամեն  ինչ իշխանության դիմաց կարգախոսով: Այդպես հանձնել եք շարժական ու անշարժ գույք, տնտեսություն, ընդերք, անվտանգություն, երկինք: Այստեղ քննարկվում է ՀՀ անկախության հարցը եւ մեծամասնությունը խրոխտ ոչ է ասում անկախությանը, սա է իրականությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031