«Նա չի էլ ցանկացել, երբեք իր անունը չի շահարկվել, ես չգիտեմ, թե որտեղից այդ ինֆորմացիան, որ կարող է առաջադրվել: Ինքը ցանկություն չի ունեցել, ինքն այլ աշխատանքի է անցնելու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը: Վերջինս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի զարմուհին է:
Նոյեմբերի 5-ին Արտաշատի քաղաքապետի ընտրություններում պայքար է ընթանում նախկին վարչապետի եւ Արայիկ Գրիգորյանի`«Ավշարի Արայիկ», թիմակիցների միջեւ: Մամուլում հրապարակումներ եղան, որ Արտաշատում իր դիրքերը պահպանելու համար Հովիկ Աբրահամյանն առաջադրելու է զարմիկի`Գագիկ Պողոսյանի թեկնածությունը: Նա Կարինե Պողոսյանի եղբայրն է: Արտաշատի նախկին քաղաքապետը Հովիկ Աբրահամյանի որդին էր`Արգամ Աբրահամյանը: Այժմ նա պատգամավոր է`«Ծառուկյան» դաշինքով:
«Մինչև հոկտեմբերի 5-ը ժամանակ կա դիրքորոշում հայտնելու: Այս պահին դիրքորոշում չունեմ: Դաշինքը քննարկում է, ձեզ դաշինքից կհայտնեն»,- ասաց Կարինե Պողոսյանը`պատասխանելով հարցին`«Ծառուկյան» դաշինքը դիրքերը չի՞ զիջելու Արտաշատում:
Կարինե Պողոսյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց ՀՀԿ-ի կողմից Արտաշատի քաղաքապետի պաշտոնում առաջադրած Կարեն Բենիամինյանի թեկնածությունը պաշտպանելու հնարավորությունը. «Այդ մասին մի քիչ ավելի ուշ կիմանաք»:
Հիշեցնենք, Կարեն Բենիամինյանն Արտաշատի երիտասարդական կառույցի ղեկավար, Արտաշատի ավագանու անդամ, «Էյ-Ի-Ջի» Արտաշատի ԳՀՏՍ ծառայության պետն է: Նա առաջադրվել էր նաև ԱԺ ընտրություններում ռեյտինգային ցուցակով, սակայն հետո նրա անունը դուրս մնաց նախընտրական ցուցակից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ