Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այսօր ԱԺ-ում հիշեցրեց, որ իրենց հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Ելքի»՝ ԵՏՄ-ից դուրս գալու եւ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծին: Ըստ Աշոտյանի, «Ելքի» խնդիրն է պարզապես այս հարցը երկար ժամանակ օրակարգում պահելը, մամուլում քննարկելու թեմա ունենալը:
Ըստ նրա, երբ որ Փաշինյանը խոսում է ապրիլյան պատերազմի մեր կորուստների մասին եւ դա կապում է ԵՏՄ-ի հետ, ինքն էլ կարող է ասել, որ ԵՏՄ-ն կապված է ապրիլյան պատերազմի հետ այնքան, որքան «Ելքի»՝ ԱԺ-ում հայտնվելը կապ ունի ԵՏՄ անդամակցության հետ. «Ես կարող եմ ասել, որ ԵԱՏՄ-ի շնորհիվ դուք մտաք խորհրդարան, եթե ուզենամ այդպես ասել»:
«Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցրեց՝ իշխանություններն ասում են՝ եթե ԵՏՄ չմտնեինք՝ ցուցանիշներն ավելի վատը կլինեին, ի՞նչ աստիճանի վատը կլինեին, նա թվային ցուցանիշներ պահանջեց:
Աշոտյանը պատասխանեց. «Եթե ձեր բերած հայտարարության մեջ բոլոր տնտեսական ցուցանիշները իրական են, դա խոսում է կառավարության վատ աշխատանքի մասին: Ինչո՞ւ չեք պահանջում կառավարության հրաժարականը, պահանջում եք ԵՏՄ-ից դուրս գալ»: Նա վստահեցրեց, որ ՀՆԱ-ի իրական աճ ունենք:
Մանե Թանդիլյանն էլ ասաց, որ հանձնաժողով ստեղծելով՝ հենց ուզում են բացահայտել՝ դա կառավարության ապաշնորհ աշխատանքի՞ արդյունքն է, թե՞ ԵՏՄ անդամակցության:
Աշոտյանն արձագանքեց, որ իրականում թիվը վերցնում են՝ չեն խորանում թվերի մեջ: Օրինակ, քննադատում են, որ Աշոտյանը Ծառուկյանից հետո ամենաշատն է բացակայել ԱԺ նիստերից: Իրականում շատ է բացակայել, որովհետեւ սեպտեմբերի 30 օրերից 20-ը գործուղումների մեջ է եղել. «Այդպես եք աշխատում թվերի հետ, խորամուխ չեք լինում: Թվերի հետ աշխատանքը պահանջում է մի քիչ ավելի շատ կուլտուրա եւ հետեւողականություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Որովհետև կառավարության փոփոխությամբ ոչինչ չի փոխվի: Դուք՝ ՀՀԿ-ն, էլի կմնա, չե՞ք տեսնում,որ ժողովուրդը զզվում է ձեզնից, ձեր մեծ ու փոքրով: Ւսկ կառավարության հրաժարականը ձեր ծրագրածով կպահանջեն ձեր դրածոները՝ ՀՅԴ, ԲՀԿ: