«Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստին այսօր չէին ներկայացել դատակոչված վկաները: Նիստը չընդհատվեց, եւ դատարանի որոշմամբ, մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը:
«Կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել Խորենացի փողոցում տեղակայված ՊՊԾ գնդի վարչական շենքերի վրա, հարվածելով կոտրել են վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու կից պարսպի մի հատվածը…ստեղծված իրավիճակն ավելի սրելու համար Անդրիաս Ղուկասյանը մտադրվել է Երեւանում զանգվածային անկարգություններ կազմակերպել՝ նպատակ ունենալով խոչընդոտել կազմակերպված խմբի հանցավոր գործողությունների կանխմանը, զավթած ու պատանդներին ազատելու ուղղված իրավապահների գործողությունները, վերջիններիս շարքերը ճեղքելով միանալ կազմակերպված զինված խմբին՝ ռազմամթերք կրելով շարունակել պահել զավթածն ու պատանդներին»,- մեղադրական եզրակացությունը ընթերցեց դատախազը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Անդրիաս Ղուկասյանը Սարի թաղի մի բնակչի՝ Գեղամ Սահակյանին, խնդրել է գնալ ու ուսումնասիրել ՊՊԾ գնդի հարակից տարածքներում ծառայություն իրականացնող ոստիկանական ուժերի տեղակայման, մարդկանց բազմությամբ ոստիկանական շղթան ճեղքելու եւ կազմակերպված խմբին միանալու հնարավորությունը. «Գեղամ Սահակյանից նշված տեղեկատվությունը ստանալուց հետո, համարելով, որ իր ծրագիրն իրագործելի է, նույն օրը՝ 19:30-ին Ազատության հրապարակում մեկնարկած զանգվածային միջոցառման ընթացքում Անդրիաս Ղուկասյանը, Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը հանդես են եկել ելույթներով ու մարդկանց կոչ արել սատարել ՊՊԾ գունդը զավթած մարդկանց, իսկ Անդրիաս Ղուկասյանը մարդկանց կոչ է արել ճանապարհին քարեր վերցնել ոստիկանների վրա նետելու համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ