Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ ինքնիշխանությունը լուրջ հարվածներ է ստացել եւ մի իքս պահից դա մեզ համար անվերահսկելի է դառնալու». Փաշինյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 03,2017 12:54

Արտահերթ կարգով ԱԺ-ում քննարկվում է ՀՀ-ի՝ ԵՏՄ-ից դուրս գալու եւ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին «Ելքի» նախագիծը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, նախագիծը ներկայացնելիս ասաց, որ երբ անվտանգության հարցն են առաջ բերում եւ ասում են՝ ԵՏՄ անդամակցության ժամանակ Ղարաբաղը տարածքային կորուստներ է ունեցել, իշխանություններն ասում են՝ սա ինչ կապ ունի, տնտեսական գոտի է, երբ տնտեսական վատթարացած ցուցանիշներն են նշում, ասում են՝ բա անվտանգությունը. «Ասում ենք՝ շատ լավ, բա եթե անվտանգության հարցն է, ԵՏՄ անդամ պետությունը ինչո՞ւ էր 2016-ին 80-ականների զենքով կռվում, այդտեղ ասում են՝ բաներ կան, որ չենք կարող ասել: Եթե բաներ կան, որ չեք կարող ասել, առաջարկում ենք ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որտեղ նիստերը դռնփակ ռեժիմով կանցկացվեն եւ կկարողանաք ասել»:

Փաշինյանը մեջբերեց ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանի խոսքերը. «Որտեղ հարցազրույց է տալիս էս վերջերս, դեղձի արտահանման դարակազմիկ փոփոխությունների մասին է խոսում: Պարոն Թորոսյան, ես զարմացած եմ՝ դուք ի՞նչ վիճակագրությւոնից եք օգտվում»: Նա պաշտոնական վիճակագրական տվյալները ներկայացրեց, ըստ որի, 2013-ին ծիրան, դեղձ, նեկտար, սալորի տողով արտահանման ցուցանիշներն են բերվում: 11 հազար 464 տոննա արտահանվել է ՀՀ-ից, 2016-ին՝ 6922 տոննա, այսինքն՝ն 4000 տոննա պակաս: Սա՝ առաջին կիսամյակում: Ըստ Փաշինյանի, 9000 տոննայով 2013-ի համեմատ պակասել է իշխանության կողմից թմբկահարվող դեղձի արտահանումը:

Անդրադառնալով  հնչող այն քննադատությանը, որ «Ելքի» այս առաջարկությունը ձեռնտու է իշխանությանը, Փաշինյանն ասաց, եթե ձեռնտու է, չե՞ք տեսնում իշխանության ներկայացուցիչներն ինչ դեմքով են մասնակցում այս նախաձեռնության քննարկմանը, եւ հետո՝ իշխանության ներկայացուցիչներն ինչու են դեմ քվեարկում, տրամաբանորեն պետք է կողմ քվեարկեին:

ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հարցրեց՝ ո՞րն է քաղաքական նպատակը, դուրս գանք ԵՏՄ-ից, մնանք այդպես միայնակ պետությո՞ւն, թե՞ պետք է մտնենք ձեր համար նախապատվելի այլ քաղաքական միավորի մեջ: Փաշինյանը պատասխանեց, որ դեռ հանձնաժողով ստեղծելու հարցն է քննարկվում, բայց իրենց նպատակը ՀՀ ինքնիշխանությունը պահպանելն է, որովհետեւ ԵՏՄ-ի շուրջ պրոցեսների համատեքստում ՀՀ ինքնիշխանությունը լուրջ հարվածներ է ստացել եւ մի իքս պահից դա մեզ համար անվերահսկելի է դառնալու, եթե արդեն չի դարձել: Ըստ նրա, ԵՏՄ-ի հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրումը կարող էր լուրջ հակակշիռ լինել:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որն հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել այս նախագծին: Ըստ Աշոտյանի, «Ելքի» խնդիրն է պարզապես այս հարցը երկար ժամանակ օրակարգում պահելը, մամուլում խոսելու առիթ ունենալը: Աշոտյանն ասաց, որ եթե «Ելքը» գտնում է, որ լուրջ փաստարկներ են բերել նախագծին կից, ձին հակառակ են կապում սայլից, նախ պետք է քննարկում լիներ, խորհրդարանական լսումներ:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031