Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորը մարտական հենակետում գնդացրի մենահատ կրակոցով ինքնասպան է եղել

Հոկտեմբեր 03,2017 12:48

Հոկտեմբերի 3-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում նշանակված է Իջեւանի տարածաշրջանում տեղակայված զորամասում 2016թ. ապրիլի 1-ին ժամկետային զինծառայող Գեւորգ Ասոյանի ինքնասպանության կապակցությամբ հարուցված քրեական գործով դատական նիստ: Քրեական գործով մեղադրյալները երկուսն են:

Պարույր Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13 եւ 65 հոդվածներով նախատեսված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները՝ 2016թ. մարտի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում զորամասի երկու գումարտակների շինությունների միջանկյալ հատվածում գտնվող ծխարանում, իր հասցեին վիրավորական արտահայտություն անելու կապակցությամբ բռնություն է գործադրել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Ասոյանի նկատմամբ՝բռունցքով հարվածել է վերջինիս դեմքին՝ձախ աչքի շրջանում պատճառելով կապտուկի տեսքով մարմնական վնասվածք:

Նույն զորամասի ժամկետային զինծառայող Մհեր Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարբերաբար նվաստացրել է Գեւորգ Ասոյանի անձնական արժանապատվությունը, այն է՝ 2016թ. մարտի 29-ից մարտական հերթապահության ընդգրկված լինելով զորամասի պաշտպանական շրջանում գտնվող մարտական հենակետում, նույն հենակետում ծառայության նշանակված շարքային Գ. Ասոյանի կողմից 2016թ. մարտի 30-ին որպես դիտորդ ծառայությունն իրականացնելու ընթացքում ծառայության վայրում՝ կրակակետում քնելու եւ այդ հանգամանքը չընդունելու կապակցությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել վերջինիս հասցեին, ապա նույն օրը մարտական հենակետում Գ.Ասոյանից պահանջել է նրա քրոջ բջջային հեռախոսահամարը, սակայն պահանջված հեռախոսահամարի փոխարեն այլ հեռախոսահամար ստանալու կապակցությամբ սեռական բնույթի հայհոյանք է տվել վերջինիս հասցեին, ինչի հետեւանքով անզգուշությամբ Գ.Ասոյանին հասցրել է ինքնասպանության:

Գ.Ասոյանը 2016թ. ապրիլի 1-ի ժամը 07:00-ից մինչև 09:00-ն, ըստ մարտական հերթապահության կրման գրաֆիկի, ծառայության ընդգրկված լինելով հենակետի առաջնագծում որպես դիտորդ, իր ծառայության վայրում իրեն ամրակցված ՁԿԳ-74 տեսակի գնդացիրով իր բերանի շրջանից մեկ հատ մենահատ կրակոց արձակելով, պատճառել է միջանցիկ մահացու հրազենային վիրավորում:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Պ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով («Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով»): Այդ հոդվածը նախատեսում է առավելագույնը 2 տարի ժամկետով կարգապահական գումարտակում պահել կամ առավելագույնը 2 տարի ժամկետով ազատազրկում: Պ. Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մ.Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով («Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը» ): Սույն հոդվածը նախատեսում է առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում: Մ. Մելիքյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031